00:00:00

ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից հետաքրքրվել է խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից

13:55, 26 մարտ 2019

ՀՀ  քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԵԽ-ի երեւանյան գրասենյակի հետ ինտենսիվ եւ արդյունավետ համագործակցությանը: Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝  նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար եւ  հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու եւ ծրագրերը  նոր թափով շարունակելու վերաբերյալ: Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից  նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը եւ հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում: Հանդիպման ընթացքում  ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից  հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից: Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը՝  որպես խափանման միջոց  կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ եւ, ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը: Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. «ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլ նաեւ ՀՀ  իշխանությունը  կարեւորում  է անձի արժանապատվությունը, եւ կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»: Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը եւս մեկ անգամ  իր պատրաստակամությունն  է հայտնել՝ աջակցել Կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերին եւ նշել, որ բարձր է գնահատում  Քննչական կոմիտեի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, քրեական գործերի քննության, դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ձեռնարկվող քայլերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր