00:00:00

Արցախում անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

17:17, 16 մարտ 2019

Մարտի 16-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին և ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին: Ռազմական խորհրդի աշխատանքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարները, բնագավառի հետ առնչվող զինվորական պաշտոնյաներ: Ներածական խոսքում ներկայացնելով օրվա աշխատակարգը, բանակի հրամանատարը անդրադարձել է նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին, մասնավորապես նշելով, որ դրանց հաջողությամբ դիմագրավելու համար անհրաժեշտ է ռազմական տեխնիկան ու սպառազինությունը մշտապես պահել մարտունակ վիճակում և շարունակ կատարելագործել սպասարկման ու շահագործման մակարդակը: Բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը ծավալուն անդրադարձ է կատարել սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, տեխնիկական սպասարկման, նորոգման ու հաշվառման, տեսադիտարկման համակարգերի վիճակին, առկա խնդիրներին ու ներկայացրել բարելավման ուղիները: Այնուհետև ըստ առանձին ուղղությունների հնչել են հաշվետու զեկույցներ, որոնք վերաբերում էին տարբեր զորատեսակներում սպառազինության ու ռազմական տեխնիկայի վիճակին, միավորումներում և զորամասերում` նշված ոլորտի կազմակերպման աշխատանքներին, մարտական հերթապահությունում և մշտական տեղակայման վայրերում առկա զինամթերքի պահպանման, հաշվառման և գործընթացի վերահսկողության հարցերին, տեսադիտարկման համակարգերի վիճակին և հարակից այլ թեմաների: Ընդհանրացնելով ելույթների, վերլուծական զեկույցների և քննարկումների արդյունքները, ՊԲ-ի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հիմնական խնդիրների վրա, որոնց կարևորությունը ընդգծվել է խորհրդի նիստի ընթացքում և հանձնարարել է համապատասխան պաշտոնատար անձանց, հետագա ծառայության ժամանակ հաշվի առնել բանակի հրամանատարության մոտեցումներն ու ռազմական խորհրդի որոշման դրույթները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր