Որեւէ ստվերային պայմանավորվածություն Երեւանի քաղաքապետարանի հետ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Օպերայի տարածքում նկատվող հանգստությունը երեկվա լարված իրավիճակից հետո։
Հարցին՝ սպասում էր, որ այսօր ընդվզում չի լինի Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների կողմից, Հակոբ Կարապետյանը նշեց, որ հույս ուներ. «Հույս ունեի, քանի որ հանրությունը համոզվում է գործընթացը ոչ միայն օրինական է, այլ նաեւ բխում է քաղաքի շահերից»։
Ըստ Կարապետյանի՝ Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների` 300-400 աշխատակից ունենալու թիվը խիստ ուռճացված է: Նա նշեց, որ իրենց տվյալներով՝ այդ սրճարաններում աշխատում է երկուսից երեք տասնյակ մարդ: «Երբ ասում եմ՝ աշխատում են, նկատի ունեմ գրանցված աշխատողներին, իսկ եթե աշխատում են ու գրանցված չեն, դա արդեն Քրեական օրենսգրքի հետ է առնչվում: Հնարավոր է նաև, որ նախկին վարձակալներն իրենց ընդվզումը հիմնավորելու համար այդ թիվն են հնչեցնում, կամ էլ տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն»,- ասաց նա:
Հարցին էլ՝ քաղաքապետը նշել է, որ սա միայն պրոցեսի սկիզբն է, և որ գործընթացը շարունակական է լինելու, հաջորդը որ տարածքն է լինելու, նա ասաց, որ որևէ գործընթաց սկսելուց առաջ քննարկվում, ուսումնասիրվում են դրա իրավական հիմքերը:
«Տարբեր տարածքներում տարբեր իրավական հիմքերով են մարդիկ տնտեսական գործունեություն ծավալել: Զբոսայգիներում դրանք հիմնականում վարձակալված տարածքներ են, բայց կան նաև որպես սեփականություն գրանցված տարածքներ: Հարցեր են հնչում՝ ինչու չենք սկսում «Մոնումենտի» այգուց, որտեղ դղյակներ են կառուցված: Ցավով պետք է արձանագրենք, որ այդ դղյակները, որքան էլ դուր գան կամ չգան մեզ, գրանցված են որպես սեփականություն, և իրավական միակ ճանապարհը՝ դրանք վերստին անտառ կամ այգի դարձնելու, պետք է քաղաքապետարանը գնի դրանք»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին քաղաքապետարանը նման միջոցներ չունի:
Հիշեցնենք, որ Քաղաքապետարանն ապամոնտաժման աշխատանքներն սկսել է մարտի 13-ին, իսկ երկու օր է՝ այդ աշխատանքներն ուղեկցվել էին սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, վնասվածքներ էին ստացել ինչպես ոստիկաններ, այնպես էլ մեկ քաղաքացի: Այսօր բողոքի ակցիաներ չկան։