Նրա խոսքով՝ նշվածի լավագույն վկայությունն անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն են եղել: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը դիտորդական առաքելություն իրականացնելու և հնչեցրած բարձր գնահատականի համար, ըստ որի ընտրությունները գնահատվել են ազատ, արդար, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և ժողովրդի վստահությունը վայելող: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանում հաջորդ բոլոր ընտրությունները լինելու են այդպիսին:
Յուլյա Լովոչկինան շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին հաջող ընտրություններ անցկացնելու կապակցությամբ: ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողները ՀՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: Նրանք պատրաստակամություն են հայտնել խորացնելու կապերը Հայաստանի հետ, ընդլայնելու համագործակցությունը խորհրդարանական հարթակներում:
Հյուրերի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է խորհրդարանական աշխատանքի առաջնահերթությունները, օրենսդրության մշակման գործընթացները, անդրադարձել անցումային արդարադատությանը, ընտրական բարեփոխումներին, մեր երկրի իրականացրած հակակոռուպցիոն քաղաքականությանը՝ այս հարցում կարևորելով կառավարության և խորհրդարանի համագործակցված աշխատանքը: