00:00:00

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

17:43, 14 մարտ 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Համաշխարհային բանկի «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի մշակման ուղղությամբ ՀԲ-ի հետ կատարված արդյունավետ աշխատանքի մասին և գոհունակությամբ նշել, որ փաստաթուղթը համահունչ է Կառավարության ծրագրում ներառված հիմնական դրույթներին: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ առկա բարձր մակարդակի համագործակցությունը հետևողական կերպով կզարգանա և կընդլայնվի: ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր է գնահատել բարեփոխումներ իրականացնելու Կառավարության պատրաստակամությունն ու ձգտումը: Փոխվարչապետը Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներին ներկայացրել է Կառավարության կողմից ուրվագծված այն բարեփոխումները, որոնց իրականացումը կնպաստի երկրի զարգացմանը: Որպես գերակայություն՝ փոխվարչապետն առանձնացրել է մրցակցային տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, մարդու իրավունքների և կապիտալի պաշտպանությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ երկրում տնտեսական զարգացման զգալի ներուժ կա, որը հնարավոր է իրացնել: Փոխվարչապետը շեշտել է ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև կապիտալի շուկայի ձևավորման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական գաղափարների իրացման համար հարթակի ստեղծման անհրաժեշտությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ զրուցակիցները դրա հետևանքների հետ մեկտեղ կարևորել են պատճառների վերացումը: Ի թիվս այլ հարցերի՝ փոխվարչապետն ու ՀԲ փոխնախագահը մտքեր են փոխանակել նաև պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր