00:00:00

Գարեգին Բ-ն Զուրաբիշվիլիի հետ քննարկել է Վրաստանում հայկական սրբավայրերի պահպանության խնդիրը

16:19, 14 մարտ 2019

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսնմ այսօր՝ մարտի 14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից  հայտնում են, որ ողջունելով Վրաստանի նախագահի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունը կարեւորեց երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումները, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետը ողջունեց երկու երկրների միջեւ ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքն ու արժեհամակարգը. երկու ժողովուրդներն էլ իրենց պատմության ընթացքում հավատքի շնորհիվ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ ու դժվարություններ: Գարեգին Բ Հայրապետը կարեւոր նկատեց ներկա ժամանակներում քրիստոնեական նույն արժեհամակարգի անաղարտ պահպանությանն ուղղված ջանքերը եւ այդ գործում իշխանությունների զորակցությունը: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավոր անդրադարձ կատարեց Վրաստանում հայկական սրբավայրերի ու մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին` հույս հայտնելով, որ դրանք վրաց իշխանությունների հոգածությամբ կգտնեն իրենց լուծումը: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույնն ու բարեմաղթանքները փոխանցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ Համայն Վրաստանի Իլյա Բ Կաթողիկոս-Պատրիարքին: Իր հերթին նախագահ Զուրաբիշվիլին ուրախություն հայտնեց Հայաստան իր երկրորդ այցի առիթով, ապա անդրադարձավ Վրաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին` Վրաստանի նախագահը նշեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Տիկին Զուրաբիշվիլին նաեւ անդրադարձ կատարեց երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը եւ դրա զարգացման հեռանկարներին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Վրաստանի նախագահը քննարկեցին նաեւ երկու երկրների ու ժողովուրդների կյանքը հուզող խնդիրներ: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ վրաց եղբայր ժողովուրդը Բարձրյալ Տիրոջ Աջի հովանու ներքո մշտապես ապրի խաղաղության ու բարօրության մեջ: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ երկու երկրների դեսպանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր