Օպերայի հարակից տարածք այսօր՝ մարտի 14-ին, եկան ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Արման Աբովյանը եւ կարճ երկխոսություն ունեցան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։
Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ անգամ մեկ քաղաքացու նկատմամբ չպետք է բռնություն գործադրվի։
«Ես չեմ վիճարկում, որ եղել են անօրինական թույլտվություններ, սակայն ամեն սրճարանի հետ կապված պետք է առանձին երկխոսություն լինի սեփականատերերի եւ աշխատողների հետ, Երեւանի քաղաքապետարանը պետք է առաջարկի նաեւ ալտերնատիվ լուծումներ այս մարդկանց։ Լավ, շպրտեցիք դուրս, ի՞նչ են անելու, ինչ–որ մեկը պետք է փոխհատուցի կատարված ծախսերը»,–նշեց պատգամավորը։
Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ–ական պատգամավորները եկել են Օպերայի տարածք, որպեսզի փորձեն խնդիրը կարգավորել բացառապես օրենքի սահմաններում եւ թույլ չտան բռնության գործադրում։ «Երեւանի քաղաքապետարանը կարծես թե հակված չէ երկխոսության եւ փորձում է խնդիրը տրանսֆորմացնել, որ մենք չենք ուզում որ այստեղ լինի կանաչապատ տարածք։ Այդպիսի խնդիր չկա, մենք ուզում ենք, որ Երեւանը լինի կանաչ քաղաք, բայց դա չպիտի լինի ՀՀ քաղաքացու շահերի ոտնահարմամբ ու բռնությամբ»,–հավելեց նա։