Պատմական տեսանկյունից աննախադեպ էր, բայց քաղաքական տեսանկյունից աննխախադեպ չէր, քանի որ քաղաքական տրամաբանության շարունակությունն է։ Հանրային հեռուստաընկերության եթերում «Լուրեր 60 րոպե» հաղորդմանը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսպիսի գնահատկան տվեց Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։
Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, թե այդ նիստին ինչու չէր մասնակցում Հայաստանի նախագահը, ասաց՝ «Քանի որ առաջին անգամ էր այսպիսի նիստ տեղի ունենում, ֆորմատը երկար քննարկվում էր, մինչեւ մարտի 11-ի գիշերը ֆորմատ ենք քննարկել, մեր մտքում նախապես կար, բայց մինչեւ գիշեր չէինք հասկանում՝ ինչպես է լինելու։ Երբ վերջնական հստակեցվեց, հասկացանք, որ լավ կլիներ, որ նախագահը եւս հնարավորություն ունենար մասնակցելու։ Զբաղվածության պատճառով նախագահը չկարողացավ մասնակցել»։
Լրագրողի հարցին, թե արդյոք այս նիստը ԵԱՀԿ համանախագահների հայտարարության պատասխանն էր, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չէի ասի, որ պատասխան էր, նիստը նախապես էր պլանավորվել, մտքերը, որոնք հնչել են, բազմիցս նախկինում հնչել էին, եւ եւս մեկ անգամ դրանց մասին խոսվեց»։