00:00:00

Հայերը նախամաշտոցյան գիր չեն ունեցել. քաղաքագետ

20:12, 17 մարտ 2018

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում հորդոր է ուղղել չապականել պատմությունը. Ադրբեջանցիները քիչ են կեղծել մեր պատմությունը, հիմա մենք ենք կեղծում և դրանով մեզ իրոք խոցելի դարձնում: Վաղուց անհեթեթություններ են թևածում պսևդոգիտական, բայց բավական ագրեսիվ շրջանակներում, իբրև թե հայերը նախամաշտոցյան գիր են ունեցել, կամ էլ թե հայկական թատրոնը վեց հազար տարեկան է և այլն, և այլն: Այս օրերին այդ հայտարարությունները դարձյալ ակտիվացել են: Պարզվում է՝ անգամ գրքեր են գրվել և անգամ թարգմանվել: Ամեն բան չափի մեջ է լավ և մարտչող ամեն ծայրահեղականություն չէ, որ հայրենասիրություն է: Շովինիզմն ու հայրենասիրությունը տարբեր բաներ են, իսկ պատմագիտական շովինիզմն ընդհանրապես կարող է ազգավնաս հետևանքների հանգեցնել: Հայերը նախամաշտոցյան գիր չեն ունեցել: Դա բազմիցս ապացուցվել է: Հնացած և փակված թեմա է: Եվ չկա կարիք անպայմանորեն փնտրելու ու գտնելու, եթե գտնելու ոչինչ չկա: Դա հայ ժողովրդին չի նսեմացնում, չի զրկում բնիկ լինելու իրավունքից և պատվից, չի փոքրացնում մեր մշակութային բացառիկ արժեքը: Փոխարենը փչացնում է լուրջ հայագիտությունը, գավառական մակարդակի պատմագետների մի նոր սերունդ է դաստիարակվում, որոնք իրենց սին շովինիզմով կարող են ինչ-որ պահի մեզ հայտնի այլ՝ առավել քիչ նշանավոր մշակույթ ունեցող ազգերի գիտական պրոպագանդիստներին նմանվել: Վնասակար է պատմության կեղծումը, եթե անգամ դա արվում է իբրև թե հայրենասիրական մոտիվներով և ավելի է «հնեցնում» մեր մշակույթը: Կեղծիքով կամ անմակարդակ պատմագիտությամբ մեր ազգային ժառանգությունը հարստացնելու կարիք մենք չունենք: Մաշտոցն է հայ ազգային գրի ստեղծողը, և նրանից առաջ այլ ազգային գիր չի եղել: Հայաստանում գործածել են հունարեն և արամեերեն գրեր: Մեհենագրությունը կանոնակարգված, միասնական և ազգային կամ պետական գրական համակարգ չէր: Դա ոչ ընդհանրական, անկազմակերպ և տեղ-տեղ կիրառվող պատկերագրություն էր, որ որևէ ընդհանրություն կազմակերպված այբուբենի կամ անգամ հիերոգլիֆային համակարգերի հետ կապ չուներ: Ե՞րբ են ավարտվելու այս հակագիտական ժամանակները, և ե՞րբ է հրապարակ գալու իսկական գիտնականների մի նոր սերունդ...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր