Ատելության ջինը կարող եք նորից մտցնել եւ զմռսել շշի մեջ, եթե դադարեք կրկնակի ստանդարտների կիրառումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Ո՞ւր էիք, տիկնայք եւ պարոնայք, երբ տարիներ շարունակ ատելություն ու կեղծիք էին տարածում այդ թվում՝ դուք անձամբ, ձեր կողմնակիցենրը եւ ընկերները, մեր՝ հանրապետականների մասին:
Ո՞ւր էիք, երբ անցյալ տարվա ընթացքում իմ եւ ընկերներիս գլխին թափվում էր վիրավորանքի եւ սպառնալիքների, լուտանքի ու հայհոյանքների հեղեղը:
Ո՞ւր էիք, երբ գալիս էին մեր տների մոտ, երբ սեւ ժապավեններ էին կպցնում իմ եւ ընկերներիս անուններով, երբ ծաղկեպսակ էին դնում եւ դագաղներ ֆռցնում:
Ո՞ւր էիք դուք բոլորդ: Ո՞ւր էին ձեր հուզական ելույթները, ձեր մտահոգությունները, ձեր քաղաքացիական եւ քաղաքական արիությունը:
Ասեմ: Այն, լավագույն դեպքում, սահմանափակվում էր անձնական զրույցներում կամ վայբերներում համերաշխության խոսքերով եւ կատարվածի ինտիմ դատապարտումով:
Այսօր էլ այդ ամենը շարունակվում է, որվհետեւ Հայաստանի հասարակությունը այդպես էլ չտեսավ, չլսեց եւ չկարդաց երկրի քաղաքական ղեկավարության կողմից այդ ամենի նկատմամբ գնահատականներ: Ո՞րտեղից տեսներ, եթե հենց այսօրվա իշխանության հաջողության պատմության հիմնաքարերից է եղել սուտը, կեղծիքը, զրպարտումը եւ վիրավորանքը:
Ո՞նց կարող էին նրանք կտրել այն ճյուղը, որի վրա նստած են:
Ատելության ջինը կարող եք նորից մտցնել եւ զմռսել շշի մեջ, եթե դադարեք կրկնակի ստանդարտների կիրառումը, եթե ամենաբարձր մակարդակով քննադատեք այն զարհուրելի արշավը, որ տեղի էր ունենում մեր երկրում անցյալ ապրիլից սկսած:
Սրբեք այդ կոկորդիլոսի արցունքները եւ ներողություն խնդրեք բոլորից: Ատելությամբ, կեղծիքով եւ սպառնալիքներով ոչ իշխանություն կպահեք, ոչ էլ երկիրը կկառուցեք»: