00:00:00

Զավեշտալի է ձեւակերպումը, որ Փաշինյանը Բրյուսել էր գնացել կրթական հուշագիր ստորագրելու. Նաիրա Զոհրաբյան

16:09, 05 մարտ 2019

Նաիրա Զոհրաբյանի համար զավեշտալի է ձեւակերպումը, որ Փաշինյանը Բրյուսել էր գնացել կրթական հուշագիր ստորագրելու: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մեծ պատվիրակությամբ վարչապետը Բրյուսել էր գնացել միայն կրթական համաձայնագիր ստորագրելու նպատակով։ «Ես՝ որպես Ազգային ժողով–կառավարություն ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ պետք է ասեմ, որ մենք հանգամանալից քննարկում ենք ՀՀ-ԵՄ ճանապարհային այն քարտեզը, որը պետք է հաստատվի առաջիկայում»,–ասաց նա։ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ ՀՀ–ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզի աշխատանքները կարելի է համարել ավարտված, «ճանապարհային քարտեզի կարելի է ասել պատրաստ է»։ Պատգամավորը տեսնում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա բաղադրիչին Հայաստանի անհապաղ միանալու անհրաժեշտությունը. «Ես հանձնաժողովի նիստում խոսել եմ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեդիա բաղադրիչին Հայաստանի անհապաղ միանալու մասին, որովհետեւ եթե մենք չենք միանում մեդիա բաղադրիչին, մեր կինոգերծիչները զրկվում են այդ հսկայական բյուջեից դրամաշնորհներ ստանալու համար դիմելու հնարավորությունից»։ Նա հայտնեց՝ նախօրեին Կինոմատոգրաֆիստների միությունում միության նախագահի եւ կինոգործիչների հետ քննարկել է «Կինոյի մասին» օրենքը, որը, պատգամավորի համոզմամբ անպայման պետք է ընդունվի, «որ կարողանանք վավերացնել մեդիա բաղադրիչը»։ Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ առաջիկայում ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրավական բաղադրիչում կտեսնենք բավականին լուրջ տեղաշարժեր։ Հիշեցնենք, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: Նախօրեին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել, որի ժամանակ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագրեր ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաեւ «IMEC» գիտահետազոտական կենտրոնի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջեւ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր