00:00:00

Այս պայմաններում դժվար է ակնկալել Արցախի խնդրի շուտափույթ լուծում. Փաշինյանը՝ Բրյուսելում

15:25, 05 մարտ 2019

Լեռնային Ղարաբաղի խնդրում չի կարող լինել ռազմական լուծում, եւ մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Այս մասին, նախօրեին, Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան: Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում»,-ասել է Փաշինյանը: Նա կարեւորել է նաեւ բանակցությունների ձեւաչափի հարցը. «Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, եւ ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերեւս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին եւ համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը: Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին եւ չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետեւաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձեւաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր