00:00:00

Ով էլ ընտրվի` հեշտ չի լինելու. Վրույր Թադևոսյանը՝ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասին

17:08, 03 մարտ 2019

Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու է նաև հեռուստամեկնաբան, ռադիոլրագրող ու հաղորդավար Վրույր Թադեւոսյանը։  Ներկայացնում ենք Irakanum.am-ի հարցազրույցը Վրույր Թադևոսյանի հետ։ Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնին։ Դա երկար և մանրամասն մտածված քայլ էր: Իմ ավագ գործընկերները, Հանրային ռադիոյի շատ աշխատակիցներ, ոլորտի շատ կայացած մասնագետներ և ընկերներ իրենց հորդորներով ու աջակցությունը հայտնելով նպաստեցին, որ վճռական լինեմ այս հարցում: Պատասխանատվության չափը, աշխատանքի ծավալն ու Հանրային ռադիոյի կառավարման առանձնահատկությունները գիտակցելով` ես տեսնում եմ, որ այս հաստիքը զբաղեցնելու բոլոր հնարավորություններն ունեմ: Այդպես եմ որոշում կայացրել` ծանրութեթև անելով, կշռադատված և վճռական: Ոգևորությունս էլ եռապատկվեց հատկապես այն ժամանակ, երբ տարբեր ոլորտի հեղինակավոր անուններ, կայացած անհատներ և մասնագետներ անմիջական աջակցություն հայտնեցին այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարեցի մրցույթին մասնակցելու մասին: Կարևոր է, երբ ներուժդ գնահատում են և քեզ տեսնում են տնօրենի պաշտոնում: Վրույր, ի՞նչպիսին են ձեր ակնկալիքները, նկատի ունենալով, որ թեկնածուների թիվը մեծ է։ Յուրաքանչյուրն իր արժանի կարողություններն ունի: Ես ուղղակի ակնկալում եմ, որ արդարացի կլինի ընտրությունը, որ կդիտարկվեն բոլոր թեկնածուների կարողություններն ու հնարավորությունները, հաշվի կառնվեն ինչպես մասնագիտական հմտությունները, այնպես էլ միջազգային փորձն ու մեդիաոլորտում կառավարման հմտությունները: Այս պարագայում ես իմ հնարավորությունները բարձր եմ գնահատում, որովհետև այս մեծ ընտանիքի անդամը լինելուց բացի ես նաև արտասահմանյան խոշորագույն ռադիոընկերությունների և այլ լրատվամիջոցների աշխատակից եմ եղել: Ով էլ ընտրվի` հեշտ չի լինելու, որովհետև այստեղ մեծ նվիրումով անդադար աշխատելու, ստեղծելու և ստեղծագործելու միջավայր է: Հանրային ռադիոն ձևավորված ավանդույթներով հաստատություն է, մեր տունն է, այո, բայց այն արդի ժամանակներում զարգացման նոր ու կայուն հեռանկարներ պիտի ունենա: Դուք տևական ժամանակ է ԱՄՆ-ում եք բնակվում, ինչի որոշեցիք հետ վերադառնալ և տնօրենի մրցույթին մասնակցել: Հաջողության դեպքում` երկմտանք չկա: Ես մեծ սիրով կստանձնեմ այս կարևոր պատասխանատվությունը: ԱՄՆ- ում շատ լուրջ առաջարկ ունեմ ղեկավարելու մեդիանախագծերի մի ամբողջ շարք: Առաջարկում են բազմամյա պայմանագիր, բայց իմ հայացքը դեպի Հայաստան է: Երբ մրցույթը հայտարարվեց, էմոցիաներս խառնվեցին: Տարիներ առաջ ես Եվրոպայից հետ վերադարձա հենց այս մղումով` աշխատել Հանրային ռադիոյում, կիրառել ժամանակակից ռադիոարտադրանքի տեխնոլոգիաներ, ու հաջողվեց: Կարճ ժամանակում կարողացա խոշոր համահայկական և ազգային նշանակության ծրագրեր իրականացնել հենց ռադիոյում, որոնք մինչև այսօր հաջողությամբ շարունակվում են` թեկուզ և առանց ինձ: Իսկ հիմա ժամանակն է այդ ամենին նոր ու մեծ ընթացք տալու: Եթե ես իմ հմտություններն ու ունեցած հնարավորություններն ամբողջ ուժով իմ հայրենիքին չծառայեցնեմ, մի բան ամեն դեպքում կիսատ կմնա ներսումս: Ի՞նչ փոփոխություններ կկատարեք Հանրայինում, տնօրեն ընտրվելու պարագայում: Հանրային ռադիոյի զարգացման իմ պատկերացրած մոդելը ամենահեռանկարային տարբերակը կլինի, որպեսզի ռադիոն դառնա առաջատարն իր տեսակի մեջ: Երկար տարիներ աշխատելով այստեղ` ռադիոյի կառավարման, ստեղծագորական և տեխնիկական առանձնահատկություններին ներսից եմ տեղյակ, բնականաբար` ավելի լավ և հստակ պատկերացում ունեմ փոփոխությունների մասին: Անցյալի փորձը, միջազգային և տեղական հնարավորությունները ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցնելով պտի աշխատենք: Չօգտագործված և չկիրառված միջոցներ շատ կան, որոնք մեր սիրելի Հանրային ռադիոն կդարձնեն որակ, չափանիշ և ուղղություն թելադրող: Ինչ էլ լինի, ինչ ընթացք էլ ունենա այս մրցույթը, այնուամենայնիվ ես միշտ պատրաստ եմ թե որպես տնօրեն, թե որպես պրոդյուսեր, թե որպես խմբագիր իմ գիտելիքները, փորձն ու կապերն օգտագործել հանուն Հանրային ռադիոյի կատարելագործման: Այդպես էր ընդամենը ամիսներ առաջ, և այդպես էլ կլինի ապագայում: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր