Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատաինենը Եվրամիություն–Թուրքիա տնտեսական երկխոսության համաժողովի շրջանակներում այցելել է Անկարա։ Փետրվարի 28-ին Կատաինենը հանդիպել է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ, իսկ ավելի ուշ կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Ermenihaber-ի փոխանցմամբ, Ալբայրաքը տեղեկացրել է, որ Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկել են վիզաների ազատականացմանը, մաքսային միությանը, փոխադարձ ներդրումներին, առկա տնտեսական վիճակին, կառուցվածքային բարեփոխումներին և նմանատիպ խնդիրներին առնչվող հարցեր:
Իր հերթին Կատաինենը նշել է, որ ԵՄ-ն միշտ պատրաստ է խորացնել համագործակցությունը և շարունակել երկխոսությունը թուրքական կողմի հետ։ «Անշուշտ, որոշ խնդիրներ էլ ունենք՝ տնտեսական և քաղաքական խնդիրներ։ Դրանք էլ անտեսել չենք կարող», - նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը։ Նա հավելել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները չեն ավարտվել, դրանք պարզապես առժամանակ դադարեցվել են։
Կատաինենը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն ու Թուրքիան ունեն մի շարք ընդհանուր խնդիրներ, ինչպիսիք են անվտանգության հիմնախնդիրը, ահաբեկչության դեմ պայքարը, փախստականների և տրանսպորտի հարցը։