00:00:00

Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր

20:41, 26 փետրվար 2019

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին եւ շնորհավորելով Դմիտրի Մարիյասինին Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ծրագրի կողմից սահմանամերձ գյուղական համայնքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների հզորացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման, ներառական եւ արդյունավետ տեղական ինքնակառավարման կայացմանն ուղղված ջանքերը։ «ՀՀ Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքներում սոցիալ-տնտեսական, շրջակա միջավայրի պաշտպանության, գյուղատնտեսական պարկերի հիմնման, ջերմատների կառուցման, այգիների բարելավման եւ ենթակառուցվածքների վերանորոգման մեծածավալ ծրագրերն իրենց ռազմավարական նշանակությամբ նպաստում են մեր սահմանային դարպաս հանդիսացող մարզի դիմակայունության ամրապնդմանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։ Իր հերթին Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ ընդգծել, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, հանդիսանալով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ  ամենաբազմազան համագործակցության պորտֆել ունեցող գերատեսչությունը, մշտապես առանձնացել է ծրագրերի իրականացման գործում իր օպերատիվ ներգրավվածությամբ։ Դմիտրի Մարիյասինը հատուկ կարեւորել է ՀՀ կառավարության կողմից մեկնարկած տնտեսական վերափոխումների գործընթացը՝ միաժամանակ  պատրաստակամություն հայտնելով Զարգացման ծրագրի շրջանակներում շարունակել աջակցության ցուցաբերումը համայնքային կարողությունների ու ենթակառուցվածքների բարելավման գործում։ Նախարար Սուրեն Պապիկյանը եւս կարեւորել է ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված երկկողմ համագործակցության ընդլայնումն ու նոր ծրագրերի իրականացումը։ Նախարարն անդրադարձել է նաեւ վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի հեռանկարներին եւ նկատել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է համայնքների ինքնաբավության բարձրացման, ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման, դրանց օպտիմալ կառավարման նպատակով կամավորության սկզբունքով շարունակել խոշորացման գործընթացը։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, արձանագրված ձեռքբերումներն ու ապագա համագործակցության հեռանկարները եւ երկուստեք արձանագրել հնարավոր բոլոր բաղադրիչներով ու ձեւաչափերով ընթացիկ ծրագրերը խորացնելու եւ գործընկերության նոր ուղղություններ նախանշելու անհրաժեշտությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր