Լոռու մարզային հեռուստաընկերությունը շուտով նոր սեփականատեր կունենա։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ հեռուստաընկերությունը գնելու մտադրություն ունի Լոռի ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը։ Ընդհանուր առմամբ տեղեկությունների համաձայն մարզային որոշ հեռուստաընկերությունները նոր սեփականատերերով համալրելու առաջարկությունը իջեցվել է վերեւներից։ Երեկ մենք գրել էինք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Արման Սահակյանին էլ առաջարկվել է «տիրություն» անել լուծարված Շիրակ հեռուստաընկերությունով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ պատահական չէ, որ հենց ֆուտբոլային ակումբների հիմնադիրներին է հանձնարարվում գնել մարզային հեռուստաընկերությունները։
Ինքը՝ Թովմաս Գրիգորյանը, ով հայտնի է, որպես «Ջոս» ռեստորանային համալիրի սեփականատեր («Ջոս»-ի Թոմը) Irakanum.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Լոռու մարզային հեռուստաընկերությունը գնելու մտադրություն չունի։ «Չի համապատասխանում իրականությանը։ Նման խոսակցություն չի եղել»,- ասաց Թովմաս Գրիգորյանը, հավելելով, որ իրեն նման առաջարկություն չի եղել։
Նշենք, որ Թովմաս Գրիգորյանը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, ով հանդիսանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Մարզային հեռուստաընկերությունները ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահների ենթակայության ներքո դարձնելու ծրագիրը իշխանությունները նախընտրում են գաղտնի պահել։
Irakanum.am