»»»Շիրակ ՀԸ-ը՝ կռվախնձո՞ր Բալասանյանի և Սահակյանի միջեւ

Շիրակ ՀԸ-ը՝ կռվախնձո՞ր Բալասանյանի և Սահակյանի միջեւ

Վաղը՝ փետրվարի 12-ին Գյումրու ավագանու նիստում նախատեսված է քննարկել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության հարցը։ Հիշեցնենք, որ կառավարությունը իր նախորդ նիստում որոշում կայացրեց այն լուծարել։ Գործադիրը որոշման հիմքում դրել էր ֆինանսական միջոցների բացակայության խնդիրը։ Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատել էր նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։ «Այո քաղաքապետն իր մտահոգություն օրեր առաջ հայտնել է հեռուստաընկերության փակման մասով։ Փետրվարի 12-ին կայանալիք ավագանու նիստին առաջարկվել է բարձրացնել այս հարցը, Գյումրի համայնքի ավագանու միջոցով ուղերձ հղել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով վերանայել հունվարի 31-ին կայացրած իր որոշումը»,- հայտնել էին քաղաքապետարանից։ Այս կառույցից միաժամանակ հերքել էին մեր այն տեղեկությունները, թե լուծարված ՀԸ գույքով եւ տարածքով հետաքրքրված են Բալասանյանները։ Խոսքը Սամվել Բալասանյանի որդիներից Միկա Բալասանյանի մասին է, ով էլ ըստ Շիրակի մարզում շրջանառվող տեղեկությունների ցանկություն է հայտնել գնել ՀԸ-ը, եւ զբաղվել մեդիա ոլորտով։

Միաժամանակ «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերության շուրջ ծավալվող մեկ այլ տեղեկություն եւս շրջանառվում է։ Մասնավորապես իշխանությունները դեմ են, որ ՀԸ-ը գնի Սամվել Բալասանյանը, փոխարենը նրանք նման առաջարկություն են ներկայացրել Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մտերիմ ընկերոջը, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սահակյանին։

Վերջինս նշենք, որ մեդիա ոլորտում «փորձված» անձնավորություն է։ Սակայն ըստ մարզում շրջանառվող տեղեկությունների Արման Սահակյանը հրաժարվել է։ Փաստացի «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը դարձել է գլխացավանք կառավարության համար, բայց կռվախնձոր երբեմնի թիմակիցներ Սամվել Բալասայանի եւ Արման Սահակյանի միջեւ։

Ինչպիսին կլինեն զարգացումներն այս առնչությամբ եւ ինչ տոնայնության ուղերձ կհամարձակվի հղել հայրենի կառավարությանը Սամվել Բալասանյանը պարզ կդառնա վաղը, իսկ մինչ այդ արձանագրենք, որ ՀԸ աշխատակիցների ճակատագրով մտահոգվող Բալասանյանը նախկինում նման սրտացավություն այլ հարցերի նկատմամբ չէր ցուցաբերում։

Irakanum.am