00:00:00

Երկու երկրների միջեւ կապերը խորհրդարանական հարթակում նոր փուլ կթեւակոխեն. ԱԺ նախագահը՝ Եգիպտոսի դեսպանին

18:42, 05 փետրվար 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա եւ համոզմունք հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի որակական նոր մակարդակի բարձրացնել այդ հարաբերությունները: Կարեւորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ կապերն այս հարթակում եւս նոր փուլ կթեւակոխեն: Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը, եւ մեր երկիրը կարեւորում է բոլոր բնագավառներում Եգիպտոսի հետ համագործակցության առավել սերտացումը: Անդրադառնալով եգիպտահայ համայնքի գործունեությանը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայերը տարբեր ժամանակներում ապաստան են գտել Եգիպտոսում եւ իրենց ուրույն դերն ունեն այդ երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին Արարատ Միրզոյանին է փոխանցել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի շնորհավորանքն Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Դեսպանը եւս ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները՝ կարեւորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն այդ կապերն ընդլայնելու եւ խորացնելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր