00:00:00

ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ դառնալը կամ առհասարակ այդ շենք մտնելն անիմաստ զբաղմունք է. Երվանդ Վարոսյան

21:10, 04 փետրվար 2019

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. ՀՀ Փաստաբանների պալատից ստացա պաշտոնական առաջարկ ընդգրկվելու Պալատի խորհրդի կազմում: Բանն այն է, որ խորհրդի կազմից Տարոն Սիմոնյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր, ապա հերթականությամբ, 2017թ. ընտրությունների ընթացքում առավել ձայներ ստացած փաստաբան Գևորգ Գյոզալյանը հրաժարվել է ընդգրկվել խորհրդում, իսկ նրանից հետո հավաքած ձայների քանակով ես եմ: Ինչո՞ւ եմ կարծում, որ այսօր ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ դառնալը կամ առհասարակ այդ շենք մտնելն անիմաստ զբաղմունք է: Դա կապված չէ այն հանգամանքի հետ, թե ես փաստաբանությունը միավորող կառույցում ասելիք կամ անելիք չունեմ, կամ իմ ժամանակն եմ խնայում: Հարցն անգամ նրանում չէ, որ ես (կամ որևէ մեկը) մասնակցելով Արա Զոհրաբյանի ցուցակով ընտրված խորհրդի նիստերին, որևէ բան փոխել չի կարող: Նրանում չէ, որ առիթ ունեցել եմ 4 տարի անդամակցել այդ խորհրդին ու տեսնել, թե ինչ դրդապատճառներով ու ինչպես են այդ կառույցում կայացվում որոշումները, ինչպես է մշակվում քաղաքականությունը և այլն: Այո Փաստաբանների պալատի՝ փաստաբանին երբեք օգուտ չտվող, բայց երբեմն վնասող, ձևական կառույցի վեր ածման գործում «անուրանալի» է Արա Զոհրաբյանի դերն ու նշանակությունը, ինչի մասին հայտարարել ու ասածս փաստարկել եմ բազմիցս: Սակայն այսօր ես վեր կկանգնեմ անձերից ու կխոսեմ Փաստաբանների պալատի կառուցվածքի, դրա մարմինների ձևավորման մեխանիզմների մասին, որոնք ինքնին նպաստում են անձնապաշտական հիմքի վրա, միահեծան կառավարվող, մեկ անձի ցանկության բավարարման համար ծառայող, ղեկը կորցրած, անհայտ ծովերում դեգերող շոգենավի ձևավորման համար: Փաստաբանների պալատի առկա կառուցվածքն ու մարմինների ձևավորման կարգը խիստ թերի է, դրանք չեն կարող ապահովել այդ կառույցում զսպումների ու հակակշիռների մեխանիզմի որևէ նշույլ, բացառում է թափանցիկությունը, կամայականությունների ու չարաշահումների լայն հնարավորություն է ապահովում: Ու եթե Պալատի նախկին նախագահի անձնական որակների ու կյանքի մեժ փորձի պայմաններում, այդ թերությունները տեսանելի չէին, միևնույն է վաղ թե ուշ այդ խութերը երևալու էին ջրի վրա: Այս կառուցվածքի առկայության պայմաններում է, որ իմ մասնակցությունն այդ մարմնի գործունեությանը ոչ միայն լինելու է անիմաստ, այլև շատ կարճ ժամանակ անց հանգեցնելու է իմ դեմ համակարգված գործողությունների հերթական շարանի, քանի որ նման կառույցում ցանկացած տարբերվող կարծիք ու դիրքորոշում պետք է ընդունվի միայն սվիններով: Ու քանի որ, չեմ սիրում, առանց լուծում առաջարկելու, դուռ շրխկացնել կամ «նեղացածի» կերպար ընդունել, ապա ներկայացնեմ նաև լուծումը, այն նվազագույն փոփոխությունների հայեցակարգը, որոնք խիստ անհրաժեշտ են Փաստաբանների պալատին, ու որոնք, հնարավոր է, երկրորդ շունչ տան այդ միավորմանը: Այսպես. 1. Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի վերացում Փաստաբանության մասին գործող օրենքի ընդունումից հետո, պարզ դարձավ, որ պալատի ձևավորման ու կայացման ընթացքում լայն լիազորություններով նախագահի պաշտոնի ստեղծումը (օրենքով միաժամանակ պալատի նալագահ, պալատի խորհրդի նախագահ, որակավորման հանձնաժողովի նախագահ) ժամանակի ընթացքում ոչ միայն կորցրեց իր նշանակությունը այլև հանգեցրեց փաստաբանության համար խիստ բացասական հետևանքների։ Մեկ անձի ձեռքում ողջ իշխանությունը կենտրոնացնելը հանգեցրեց պալատում փաստացի միահեծան ղեկավարման, յուրայինների խավի ձևավորման, պալատի խոհրդի ու նախագահի ընտրությունների ժամանակ պալատի նախագահի կողմից արդյունքների վրա ակնհայտ ազդեցություն ունենալու, խորհրդի` որպես պալատի ղեկավար ու վերահսկիչ մարմնի դերի լիակատար վերացման։ Նման պարագայում ակնհայտ է, որ առկա է պալատում կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն, որն առաջին հերթին պետք է ապահովի իշխանության անցումը խորհրդին, ինչպես նաև խորհրդի ու պալատի աշխատակազմի միջև հստակ տարանջատման ապահովումը։ Նման պարագայում միայն խորհուրդը` հաշվի առնելով պալատի անդամ բոլոր փաստաբանների դիրքորոշումը, կարող է ապահովել ճիշտ ղեկավարում։ Այդ նպատակով ներկա պահին արդեն նախագահի պաշտոնի լուծարումն անհրաժեշտություն է։ Պալատի աշխատակազմի ղեկավարումը կիրականացվի աշխատակազմի ղեկավարի (գլխավոր քարտուղար) կողմից, որը փաստաբան չպետք է լինի, իսկ աշխատակազմը ձևացորվի աշխատակազմի ղեկավարի առաջարկով՝ խորհրդի կողմից։ Խորհուրդն էլ կղեկավարվի ռոտացիոն կարգով խորհրդի անդամների կողմից, որոնք պարբերականությամբ կլինեն որոշակի ժամկետով խորհրդի նախագահողներ: Այս իրավիճակը կբացառի մեկ անձի միահեծան կառավարումը դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, կապահովի պալատի աշխատակազմի նկատմամբ խորհրդի կողմից արդյունավետ վերահսկողություն։ 2. Կարգապահական վարույթներով հարկ է ստեղծել առանձին մարմին` փաստաբանական տրիբունալ կամ դատարան Ներկա պահին գործող կարգավորումների պարագայում ակնհայտ է դարձել, որ պալատի խորհուրդը որպես փաստաբանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներով որոշումներ կայացնող մարմին արդյունավետ չէ։ Չի կարողանում խուսափել սուբյեկտիվիզմի դրսևորումներից։ Պալատի, այդ թվում նաև խորհրդի անդամների աշխատանքը քննադատող կամ հակառակը` իրենց աշխատանքը դրական գնահատող փաստաբանների պարագայում որոշումներ կայացնելիս, խորհրդի անդամները չեն կարող խուսափել սուբյեկտիվիզմի դրսևորումներից։ Մյուս կողմից էլ խորհրդի անդամներ ընտրված լինելով «պալատի նախագահի ցուցակով», նախագահի որոշմամբ որպես դասախոսներ ընդգրկվելով փաստաբաններին վերապատրաստելու դասընթացներին, չեն կարող կաշկանդված չլինել նաև նախագահի կարծիքով (ով ի դեպ կարգապահական վարույթներ հարուցողն է): Բացի այդ առկա կարգավորման դեպքում խորհրդի շատ անդամներ միաժամանակ աշխատում են պալատի աշխատակազմում, հանդիսանում են պալատի նախագահի տեղակալներ և այլ ենթականեր, ինչը պարզապես բացառում է նրանց անաչառությունը նաև սուբյեկտիվ առումով։ Բանը հասել է նրան, որ անգամ փաստաբաններից գաղտնի են պահվում նախագահի կողմից հարուցումը մերժված կարգապահական վարույթները, ինչն ակնհայտ վկայում է փաստաբանի վարքագծի կանոնագրքի նորմերի ոչ միատեսակ կիրառման մասին։ Հարկ է օրենքով սահմանել կարգապահական վարույթների հարուցումը, դրանցով նյութերի նախապատրաստումն ու որոշման կայացումը առհասարակ պալատից անկախ՝ փաստաբանների կողմից հատուկ այդ նպատակով ձևավորվելիք մարմնի կողմից։ Փաստաբանական «դատարանի» ձևավորումը մի կողմից կազատի պալատի խորհրդին հավելյալ պարտականությունից, որը նաև կաշկանդում է իրեն պալատի քաղաքականությունը մշակելիս ու իրականացնելիս կամ աշխատակազմին վերահսկելիս, մյուս կողմից կապահովի կարգապահական վարույթներով օբյեկտիվ քննությունը։ Արդյունքում կապահովվի նաև փաստաբանության մեջ առողջ միասնական մթնոլորտի ձևավորումը, փաստաբանի վարքագծի կանոնագրքի նորմերի միատեսակ կիրառումը։ 3. Պալատի խորհրդի ընտրությունների ընթացքում պետք է բացառվի բալային համակարգը Գործող օրենքով նախատեսված ընտրական մեխանիզմը բացառում է խոըհրդի կազմի այնպիսի ընտրություն, որը կապահովի խորհրդի անկախությունն ու ներքին բազմակարծությունը։ Այն կարգավորումը, երբ ընտրող փաստաբանը կարող է ձայն տալ միաժամանակ 12 թեկնածուների հանգեցնում է խորհրդի թեկնածուների «ցուցակների» ձևավորմանը, ուղղորդված ընտրությանը, պալատի նախագահի կողմից կազմված «ցուցակների» անհավասար մրցակցությանը այլ թեկնածուների համեմատ։ Հանգեցնում է մի խումբ թեկնածուների կողմից միասնական «քաղաքական» պայքարին, մեկը մյուսի համար ձայներ ապահովելուն։ Արդյունքում պալատի խորհրդում հայտնվում են նաև փաստաբանների լայն շրջանակների համար անհայտ, այս կամ այն հանգամանքի շուրջ երբևէ դիրքորոշում չարտահայտած փաստաբաններ, որոնք էլ շատ հեշտությամբ կարող են ընկնել այս կամ այն ազդեցության տակ։ Մինչդեռ մեկ ընտրող փաստաբանի կողմից միայն մեկ թեկնածույի ընտրելու հնարավորությունը կապահովի վերը նշված արատավոր երևույթների բացառումը։ Խորհրդում կհայտնվեն անհատականություններ, որոնց միասնությունը կկարողանա ապահովել պալատի արդյունավետ քաղաքականությունը, զարգացումն ու աշխատակազմի նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը։ 4. Փաստաբանի վարքագծի կանոնագիրը օետք է կարգավորի միայն մասնագիտական գործունեության ընթացքում ընթացքում փաստաբանի վարքագիծը Գործող օրենքը հստակ չի սահմանում վարքագծի կանոնագրքի կարգավորման սահմանները։ Սա հանգեցրել է Փաստաբանների պալատի կողմից վարքագծի կանոնագրքի նորմերի յուրովի մեկնաբանման, որը երբեմն ծայրահեղ դրսևորումներ է ունենում, երբ պալատը փորձում է կարգավորել փաստաբանի` մասնագիտական աշխատանքից դուրս առօրյա վարքագիծը։ Սա հանգեցնում է նաև փաստաբաններին կրկնակի պատասխանատվության ենթարկելուն։ Փաստաբանը կարող է պատասխանատվության ենթարկվել մասնագիտական գործունեությունից դուրս ֆեյսբուկյան մի գրառման համար, ապա նրա դեմ կարող են նաև քաղաքացիական հայց ներկակացնել դատարան՝ նույն գրառման հետ կապված։ Նման դրսևորումներից ու կամայականությունից խուսափելու համար հարկ է օրենքով հստակ սահմանել, որ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը կարգավորում է փաստաբանի վարքագիծը մասնագիտական գործունեության շրջանակներում։ Բացի այդ, Փաստաբանի վարքագծի կանոնագիրքն ունի լրջագույն փոփոխությունների կարիք, դեկլարատիվ անորոշ կոչեր պարունակող փաստաթղթից այն պետք է վեր ածվի իրական իրավական ակտի: Հ.Գ. 1 Ինչպես նկատեցիք, այսօր ես զերծ մնացի անկախ, ինքնակառավարվող փաստաբանական միավորներ ստեղծելու գաղափարը ներկայացնելուց, թեև այն համարում եմ Հայաստանում փաստաբանության՝ որպես առողջ միավորի, ձևավորման միակ ու անփոխարինելի գրավականը: Հ.Գ. 2 Վերը շարադրված փոփոխությունները կարող ենք ուժ ստանալ ՓՊ գորժող նախագահի ղեկավարման ժամկետի ավարտին զուգահեռ, ինչը կբացառի «անձնական հաշիվների», «պաշտոնի ձգտելու» և նմանատիպ այլ խոսակցությունները, որոնք, հավաստիացնում եմ՝ հետևելու են այս առաջարկիս, քանի որ առարկայական առումով որևէ հակափաստարկ չի հնչելու, բայց կատաղի դիմադրություն լինելու է: На данном изображении может находиться: текст

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր