00:00:00

Վարչապետը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համայնքի ներկայացուցիչներին

12:20, 02 փետրվար 2019

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում եւ նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի եւ հստակ մանդատի կապակցությամբ, որը Ձեզ տվել է Հայաստանի ժողովուրդը: Մենք ողջունում ենք բարեփոխումների Ձեր ծրագիրը: Հայաստանի հետ կապված մեր օրակարգը շատ հավակնոտ է. ապրիլին մենք մեծ տնտեսական պատվիրակությամբ գալու ենք Հայաստան: Այսօր ստորագրելու ենք Մտադրությունների մասին հուշագիր, որը հենց վերաբերում է Հայաստանի առաջնահերթություններից մեկին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Հայաստանը նաեւ շատ հետաքրքիր օրինակ է տնտեսական առումով` որպես երկիր, որը միաժամանակ ինտեգրվում է եւ’ Եվրոպական միությանը, եւ’ Եվրասիական տնտեսական միությանը: Դա բարձրացնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը»: Շնորհակալություն հայտնելով խոսքերի համար` վարչապետ Փաշինյանը կարեւորել է գերմանական տնտեսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը եւ ներկայացրել Հայաստանի տնտեսական օրակարգը: «Մեր առաջիկա օրակարգի կարեւոր հատվածը հենց տնտեսությանն է վերաբերում, որովհետեւ քաղաքական փոփոխությունները տնտեսական փոփոխությունների հնարավորություններ են ստեղծել: Մենք ցանկանում ենք Հայաստանի տնտեսության կառուցվածքում լուրջ փոփոխություններ անել. նախատեսում ենք հանքարդյունաբերության ոլորտում մեր չափանիշները բարձրացնել եւ տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ եւ թեթեւ արդյունաբերություն, գինեգործություն եւ այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ներդրումներ իրականացնելու ցանկության դեպքում որեւէ խոչընդոտ լինի, եւ չկա սեփականության վերաբաշխման որեւէ օրինակ. քաղաքական փոփոխություններից հետո սրանք տնտեսական ամենակարեւոր արձանագրումներն են: «Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված եւ պաշտպանված է: Մեր ուղերձը հետեւյալն է` դուք ազատված եք բոլոր հնարավոր կոռուպցիոն պարտավորություններից, որ եղել են նախկինում: Բոլոր ներդրողների նկատմամբ ունենք նույն վերաբերմունքը եւ ասում ենք` եկեք Հայաստան, ներդրումներ արեք, հարստացեք եւ հարստացրեք», - նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը: Քննարկվել են տարբեր` այդ թվում նաեւ ՏՏ, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, աղբահանության, փոխադրումների բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր: Գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ վերջին շրջանում հաճախ այցելել են Հայաստան եւ կարող են արձանագրել` մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները դրական մթնոլորտ են ձեւավորել Հայաստանի շուրջ. բարձրացել է ՀՀ ներդրումային գրավչությունը, մեծացել է օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծվող հնարավորությունների նկատմամբ: Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել եւ գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ եւ ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի: Հանդիպման ավարտին ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան եւ գերմանական բիզնես ասոցիացիաների միջեւ համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը եւ ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը: Հուշագրով նախատեսվում է խորացնել ՏՏ բնագավառում փոխգործակցությունը, սերտացնել ոլորտի ընկերությունների միջեւ կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր: Փաստաթղթի համաձայն` կողմերը կհամագործակցեն նաեւ Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում: Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր