00:00:00

Գերմանիան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին.Մերկելը՝ Փաշինյանին

00:09, 02 փետրվար 2019

ԳԴՀ կանցլեր նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողություն։ Հանդիպմանը բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ եւ ԵՄ դրոշները, եւ կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները եւ Զինվորական նվագախումբը: Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետին հրավիրել է Պատվո պահակախմբի ստուգայցի: Ձեռքսեղմումից եւ արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել եւ կարեւորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա՝ վստահություն հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական բարեկամական համագործակցությանը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները: Ողջունելով 2018 թ. խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը` ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ պատրաստ է նպաստելու երկկողմ հարաբերությունների ավելի խորացմանը, աջակցել բարեփոխումներին տարբեր ոլորտներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիա այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով կանցլեր Մերկելի հետ կրկին հանդիպելու եւ հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կարեւոր քննարկումները շարունակելու հնարավորությունը։ «Հայաստան կատարած Ձեր այցը կարեւոր խթան հանդիսացավ հայ-գերմանական փոխգործակցության զարգացման համար։ Ուրախությամբ, նաեւ՝ հպարտությամբ եմ արձանագրում, որ իմ այցը կայանում է Ձեր այցից ընդամենը հինգ ամիս անց։ Սա նշանակում է, որ մենք երկուստեք տրամադրված ենք հիմք դնելու հայ-գերմանական առավել խորացված եւ թիրախային համագործակցությանը», -նշել է ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսօր առավել, քան երբեւէ առկա են նախապայմաններ հայ-գերմանական փոխգործակցության օրակարգը նոր բովանդակությամբ լցնելու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում եւ այս առումով Գերմանիայի՝ որպես ԵՄ ծանրակշիռ անդամներից մեկի հետ համագործակցությունը կարեւոր է։ Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ` երկկողմ ու բազմակողմ ձևաչափով փոխգործակցություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր