00:00:00

Անհրաժեշտ է նախատեսել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում. ԼՀԿ-ն նամակով դիմել է Փաշինյանին

21:40, 01 փետրվար 2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծում նախատեսել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն ու օր առաջ դրա գործարկումը: Այս մասին կուսակցությունը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակի մեջ: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգարժա՛ն պարոն Փաշինյան, Ստորեւ Ձեզ է ներկայացվում «Լուսավոր Հայաստան» կուսակցության (այսուհետ՝ «Կուսակցություն») դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ. Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում 2018 թվականի դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաշվի առնելով, որ երկրի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ 1 խնդիր է շարունակում մնալ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, հանրային քննարկման ներկայացված ռազմավարակական փաստաթղթի եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ Կուսակցությունն այս փուլում ներկայացնելու է սկզբունքային համարվող մեկ առաջարկություն, որի ընդունման պարագայում կոռուպցիայի դեմ պայքարը կդրվի ինստիտուցիոնալ հենքի վրա, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած արդյունքներն էլ կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն: Խոսքը գնում է անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծելու մասին, որն օժտված կլինի կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կրթության եւ օպերատիվ-հետախուզություն, հետաքննություն, նախքննություն իրականացնելու գործառույթներով: Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարացման, տնտեսության զարգացման եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման գործընթացների արգելակման հիմնական պատճառներից մեկը համարելով կոռուպցիան՝ իր բոլոր դրսեւորումներով, Կուսակցությունն իր ստեղծման պահից որդեգրել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքարելու գործելաոճ: Արժեւորելով միջազգային լավագույն փորձի հիման վրա երկրում կոռուպցիայի դեմ պայքարի գործուն մեխանիզմների ներդնումը՝ Կուսակցությունն իր հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում հանրային հանձնառություն է ստանձնել եւ բազմիցս հանդես եկել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգ ներդնելու օգտին: Այդպիսի համակարգ ունենալու կարեւորության մասին անդրադարձ է կատարվել նաեւ Կուսակցության նախընտրական ծրագրերում, ինչպես նաեւ այդ մասին հանրության տարբեր շերտերի հետ ակտիվ քննարկումներ ունեցել համապետական եւ տեղական ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում: Դեռեւս 2017 թվականի խորհրդարանական ընտրություննների ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, հանդես գալով «ԵԼՔ» դաշինքի կազմում, նախընտրական ծրագրի «Պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նախատեսել էին անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Իսկ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առանձին մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ իր նախընտրական ծրագրում նույնպես հատուկ անդրադարձ էր կատարել կոռուպցիայի դեմ պայքարին եւ ներկայացրել Կուսակցության ունեցած մոտեցումները, որոնք առավելապես կապված են հանրային կառավարման մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության եւ բարեվարքության կատարելագործման ժամանակակից մեխանիզմների ներդրմանը եւ կիրառմանը, դատական համակարգի անկախությանն ու արդարադատության անխուսափելիության ապահովմանը, ավելորդ վարչարարության դեմ շարունակական պայքարին եւ պետական վարչական անձնակազմերի օպտիմալացման ժամանակակից մեխանիզմների ու պետական հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրմանը՝ նպատակ ունենալով բարձրացնելու բնակչության իրավագիտակցությունը եւ իրազեկման մակարդակը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, շարունակելով «ԵԼՔ» դաշինքի կազմում, հասարակության առջեւ ստանձնած հանձնառությունը, ներկայումս նույնպես կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարում ապակենտրոնացված անարդյունավետ համակարգից անցումը դեպի կենտրոնացված արդյունավետ համակարգի` ինստիտուցիոնալ լուծումը համարելով անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը: Ուստի, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագծում նախատեսել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն ու օր առաջ դրա գործարկումը` կանխարգելիչ եւ քննչական երկու առանձին մարմիների փոխարեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր