00:00:00

ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում գործել է իր իրավասությունների շրջանակում. Վանեցյանը պարզաբանել է ստեղծված իրավիճակը

16:00, 01 փետրվար 2019

Ազգային անվտանգության ծառայությունը Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների հետ կապված բողոքի ակցիայի ընթացքում գործել է իր իրավասությունների շրջանակում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին փետրվարի 1-ին ասաց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Բագրատաշենի անցակետի համար մեր տարածած հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ մեր գործառույթներին: Այսինքն` սահմանին վերահսկողության գործառույթն իրականացնելուն, որը դրված է Ազգային անվտանգության ծառայության վրա, այդ մեքենաների կուտակումը խոչընդոտ էր ստեղծում: Այնտեղ կուտակված են շուրջ 700-800 մեքենա, որոնց թիվն անընդհատ ավելանում է: Մենք կոչով դիմել ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց մեքենաները հանեն այդ տարածքից, որպեսզի կարողանանք իրականացնել օրենքով վերապահված մեր լիազորությունները»,- ասաց Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրեն զեկուցել են անցակետի տարածքում ազատ գոտու մասին, որտեղ էլ կարող են ժամանակավորապես կայանվել սահմանին կուտակված աջ ղեկով մեքենաները: «Այսօր ինձ զեկուցեցին, որ սահմանակետի կողքն ազատ տարածք կա, պետք է հիմա ՊԵԿ-ի հետ քննարկումներ իրականացնենք, փորձենք քաղաքացիներին հորդորել, որ իրենց մեքենաները տեղափոխեն ազատ տարածք, մինչև որոշումը կկայացվի աջ ղեկով մեքենաների ճակատագրի վերաբերյալ, և դրանից հետո քաղաքացիները կկարողանան իրենց մեքենաները ներկրել ՀՀ տարածք և մաքսազերծել»,- նշեց նա։ Արթուր Վանեցյանը հավելեց նաև, որ իրենք սահմանային գոտում իրավախախտումներ իրականացրած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեն, բայց այդ իրավունքից չեն օգտվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր