00:00:00

Փաշինյանը նպատակահարմար չի համարում ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարության վերածելը

18:52, 30 հունվար 2019

Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան, ապա այդ ուժային կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու են: Հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Միանշանակ է, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհն այդ կառույցները նախարարություն դարձնելն է: Ի՞նչ է նշանակում նախարարություն: Նշանակում է, որ այդ ուժային կառուցի ղեկավար պետք է նշանակվի քաղաքական դեմք, սրանից բխում է, որ այդ ուժային կառույցն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու է»,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ ներկայիս կարգավորման արդյունքում ոստիկանության, իրավապահ համակարգի կայունությունը որոշակիորեն պահպանվել է: Այսինքն՝ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված, որ դրանից երկրի անվտանգությունը չխաթարվի: «Իսկ նախարարի դեպքում հայեցողական պաշտոն է: Այս պարագայում կան որոշակի չափանիշներ: Ոստիկանությունը և կառավարությանն առընթեր մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, դրա հետ ես համաձայն եմ»,-նշեց վարչապետը: Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին տարիներին աննախադեպ դեպք է տեղի ունեցել, երբ ԱԱԾ տնօրենը գնացել է խորհրդարան ու անձամբ մասնակցել բյուջեի կատարողականի քննարկումներին։ Վարչապետը շեշտեց, որ նախկինում խորհրդարանում ինքն այդ հարցը ևս բազմիցս բարձրացրել էր: Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ որևէ նախարարությունը վարչապետին պակաս ենթակա չէ, քան ԱԱԾ-ի կամ Ոստիկանության պետը. բոլոր երկրներում է այդպես: Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը դարձնեն նախարարություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր