Դավիթ Անանյանը միակը չի լինելու, այլ գերատեսչություններից եւս պաշտոնատար անձնաց կհրավիրենք: Այս մասին, այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Նշենք, որ նիստին հրավիրել էին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված ՊԵԿ աշխատակիցներին աստղաբաշխական պարգեւավճարներ տալու հետ:
«Քննարկումների արդյունքում երբ ունենանք համապատասխան փաթեթը, ամբողջ տեղեկատվության փաթեթը, որն անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ անելու համար, քայլեր կձեռնարկենք:
Խնդիրն այն է, որ այսօր ունենք օրենսդրական որոշակի կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս պարգեւավճարներ տալ: Մյուս կողմից ունենք անարդարության զգացում, որը հնչեցվեց հանրության կողմից եւ ունենք այս խնդիրը լուծելու: Մենք ուզում ենք ունենալ արդյունավետ պետական ինստիտուտներ, որտեղ հանրությանը հուզող խնդիրները լուծում են ստանում, որի համար պետք է ունենալ լավ վարձատրվող պրոֆեսիոնալներ»,-ասաց Մակունցը:
«Մենք պետք է տեսնենք, թե որտեղ է ոսկե միջինը, ինչ նախագծերով կարող ենք կարգավորել հարցը»,-ասաց Մակունցը՝ այդպես էլ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ առաջարկներ են քննարկվել: