00:00:00

Արսենյանի հովանովարյալը լքել է ՀՀԿ-ն․ ընտրակաշառք բաժանած Մովսիսյանը գյուղապետի թեկնածու է առաջադրվել

20:00, 26 հունվար 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ փետրվարի 17-ին մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։ Համայնքապետի ընտրություններ նախատեսված են նաեւ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքում։ Տեղեկացրել էինք, որ գյուղապետի պաշտոնին դարձյալ հավակնում է նախկին ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Մովսիսյանը։ Վերջինիս հիշեցնենք Մալիշկայի բնակիչները իշխանափոխությունից հետո մերժեցին։ Համայնքում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնք հանգեցրեցին Մովսիսյանի հրաժարականին։ Մհեր Մովսիսյանի դեմ հիշեցնենք քրեական գործ կա հարուցված։  Մովսիսյանը, հիշեցնենք ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի՝ Ջերմուկի Աշոտի տված գումարներն էր բաժանել գյուղաբնակների շրջանում, որպեսզի վերջիններս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց քվեն տան ՀՀԿ-ին եւ Արսենյան Աշոտին։ ՀՀԿ-ական Մովսիսյանը ըստ ոստիկանության Արսենյանից առձեռն ստացել էր 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Միաժամանակ ոստիկանությունից հայտնել էին, որ Մալիշկա համայնքի նախկին ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։ Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել և մինչև այս տարվա մայիս ստացել է 2.160.000 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Պարզվել է նաև, որ 2017 թվականին Մալիշկա համայնքի ղեկավարը և համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձևակերպել ու դուրս են գրել 410.000 դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։ Տեղի ունեցածից հետո 2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվեց քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայությամբ ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Irakanum.am-ը Մովսիսյանից հետաքրքրվեց, թե  ի՞նչ ակնկալիքներ ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամիսներ առաջ իրեն ևս «մերժել» են, եւ ինչու՞ է որոշել առաջադրել իր թեկնածությունը։ Ի պատասխան նա ասաց․ «Ակնկալիքների մասին ոչ ինչ չեմ ասի, քանի որ որոշողը ժողովուրդն է, և արդյունքները պարզ կլինեն ընտրություններից հետո»։ Մովսիսյանը նոր իշխանությունների կարիքը չի զգում, քանի որ իր պնդմամբ՝ իշխանություններն ընտրությունների հետ որևէ կապ չունեն։ Երկար տարիներ ՀՀԿ-ի կողմից ներկայացված լինելով պաշտոնավարելուց հետո Մովիսյանը որոշել է՝ ինքն անկուսակցական է։ Հարցին, թե որքանո՞վ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կխանգարի ընտրություններում հաջողության հասնելու հարցում, նախկին գյուղապետը պատասխանեց,-«Քրեական գործով զբաղվում են իրավապահ մարմինները, և այն ընթացքի մեջ է, դա չի կարող ազդեցություն ունենալ»։ «Ես այն ժամանակ հրաժարական տվեցի, որպեսզի բախումներ չլինեն իմ ժողովրդի միջև, և կապ չունի էնտեղ քանի մարդ կար՝ 5, թե 10, յուրաքանչյուր իմ գյուղացին ինձ համար կարևոր է։ Ես ասել էի, որ հաջորդ ընտրություններին առաջադրվելու եմ, կցանականան՝ նորից կլինեմ գյուղապետ, չեն ցանկանա՝ կշնորհավորեմ հաղթողին, բայց ես միշտ արդար եմ եղել»,-հավելեց նախկին ՀՀԿ-ականը։ Թե ինչպես է ստացվել, որ իրավապահների բացահայտումներից եւ հարուցված քրեական գործից հետո էլ Մովսիսյանը հայտարարում է, որ ինքն արդար է, եւ միշտ այդպիսին է եղել, թերեւս այլ թեմա է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր