Եղել է թյուրիմացություն, որը, անշուշտ, կշտկվի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա մեղադրում է Երևանի քաղաքապետին ավագանու անդամ խմբակցությունների միջև խտրականություն դնելու մեջ, տեղեկացնելով, որ քաղաքապետարանը ծրագիր է քննարկել, որին ներկա են եղել «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել:
«Տեղեկացնում եմ, որ քաղաքապետը նշված քննարկման կազմակերպմամբ, այդ թվում, հասկանալի է, մասնակիցներին հրավերներ ուղարկելու հարցերով չի զբաղվել։ Կարծում եմ՝ նմանատիպ խնդիրները հանգիստ կարելի է լուծել՝ առանց դրանց նշանակությունը գերագնահատելու»,-գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։
Նշենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել էր.
«Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության և գործելաոճի ժամանակաշրջանն այլևս պատմություն է, որ եկել է իսկապես աշխատելու և համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:
Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից և գուցե ավելի տխուր է, քան հանրապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյակ չպահեն որևէ խմբակցության:
Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են.... Կարծես թե հավասարության նշանը դրվել է «Իմ քայլի» և ԲՀԿ-ի միջև: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել...
Պահանջում եմ պարզաբանում»: