00:00:00

Պետբյուջեից քրեակատարողական համակարգին հատկացված միջոցներից տնտեսվել եւ վերադարձվել է բյուջե 315 մլն դրամ

14:48, 25 հունվար 2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունվարի 24-ին այցելել է Քրեակատարողական ծառայություն՝ ամփոփելու ոլորտում 2018 թվականին իրականացված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿԾ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ զեկուցվել է, որ պետական բյուջեից քրեակատարողական համակարգին տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից ընդհանուր առմամբ տնտեսվել եւ վերադարձվել է պետական բյուջե 315 մլն 78 հազար դրամ: 2018 թվականին՝ 236 անձի տրամադրվել է նույնականացման քարտեր եւ անձնագրեր, որը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը 96-ով: Քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել 2075 անձ, որը 327 դեպքով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ: Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու նպատակով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 563 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ այլ գործատուների մոտ. ինքնագործ միավորումներում ընդգրկվել է 148-ը: Իրացվել է 138 դատապարտյալի կրթական իրավունքը (2017թ.՝ 108), այդ թվում՝ 47 հանրակրթական, մասնագիտական՝ 84, բարձրագույն եւ հետբուհական՝ 7: Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մարզական 116 միջոցառումներ/ մասնակցել է 1400 անձ/,  լուսավորչական 19 միջոցառում /մասնակցել է 390 անձ/, մշակութային 17 միջոցառում /մասնակցել են 899 անձ/: Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի, բիլիարդի հիմնարկային առաջնություններ: «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացրել է  «Առողջ ապրելակերպ», «Սոցիալական ուսուցում եւ կյանքի հմտություններ», «Դեկորատիվ–կիրառական արվեստ» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել է 78 կին դատապարտյալ: Անչափահաս կալանավորված եւ դատապարտված անձանց  համար իրականացվել է «Հիմնարար գրագիտություն» դասընթաց (հայոց լեզու եւ գրականություն, մաթեմատիկա), ընդգրկվել են  չորսը:  «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել են «Խեցեգործություն եւ խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում եւ փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» եւ «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ»  դասընթացներ, որոնց մասնակցել է 25 դատապարտյալ: ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացվող  «Վերականգնողական արդյունավետության եւ թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում հիմնարկում անցկացվում են անգլերենի (ընդգրկվել է 8 անձ), համակարգչային հմտությունների (ընդգրկվել է 13 անձ, որից 8-ը ստացել են վկայական), ֆիտնեսի (ընդգրկվել է 12 անձ ),  յոգայի (ընդգրկվել է 14 անձ ), վարսահարդարման (ընդգրկվել է 5 անձ), խոհարարական (ընդգրկվել է 7 անձ)  դասընթացներ: Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ «Աբովյան» ՔԿ հիմնարկում բացվել է ձեռքի աշխատանքների (հելունագործություն, գորգագործություն) ակումբ. ընդգրկվել է 8 անձ: Արդարադատության նախարարը ՔԿԾ ղեկավար անձնակազմից հետաքրքրվել է տեսազանգից օգտվող դատապարտյալների ցուցանիշով, սննդի որակի բարձրացման,  քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված աշխատանքներով եւ հանձնարարել առավելագույն խստությամբ վերահսկել ու կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման դրսեւորումները, իսկ դատապարտված անձանց համար ռեժիմների փոփոխությունը դարձնել կանխատեսելի: Նախարար Զեյնալյանի խոսքով, թեեւ համակարգում նկատելի է դրական դինամիկա, այդուհանդերձ, եղածով բավարարվել չի պատրաստվում, եւ ոլորտի զարգացման աշխատանքները իրականացվելու են առավել մեծ եռանդով եւ արագությամբ: Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ ծառայության բոլոր աշխատակիցներին եւ  ընդգծել, որ 2019 թվականին ոլորտի թիրախը լինելու է ՔԿՀ-ներում պահվող անձանց վերասոցիալականացումը, դատապարտյալների կողմից  պատշաճ վարքագիծ դրսեւորելու դեպքում խրախուսական միջոցների կիրառումն ու ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ ծրագերի մշակումն ու իրականացումը: Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ 2019 թվականի ընթացքում ՔԿ ծառայությունում, ՔԿՀ-ներում կատարված աշխատանքի արդյունավետության գնահատման ցուցիչի հիմքում դրվելու է ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո կրկնահանցագործություն կատարման վիճակագրությունը: Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը եւս մի շարք հանձնարարականներ է տվել համակարգի աշխատակիցներին՝ պահանջելով անհանդուրժող լինել կոռուպցիայի, քրեական ենթամշակույթի նկատմամբ, առավելագույնս նվազեցնել արգելված իրերի ներթափանցման դեպքերը, բացառել մոլեխաղերը, շարունակել սննդի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները եւ այլն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր