00:00:00

Նունե Սարգսյանը շրջայց է կատարել «Բարի տնակ» բարեգործական ժամանակավոր կացարանում

21:47, 24 հունվար 2019

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հունվարի 24-ին լրագրողների ուղեկցությամբ շրջեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության «Բարի տնակ» կառույցում` ծանոթանալով դրա գործունեությանը և հեռանկարներին: շինության, որի նպատակներից է նպաստել հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների միավորմանը, ջեռուցման հարցը լուծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի նվիրատվության արդյունքում: «Առաջին անգամ մուտք գործելով այս բարի տեսքով տնակը` շատ տպավորվեցի: Հուսով եմ, որ կկարողանամ օգնել «Բարի տնակ»-ին իմ ներկայությամբ, այն ամենով, ինչով,  հնարավոր է: Վստահ եմ` նախաձեռնությունը հաջող ապագա ունի»,-նշեց Նունե Սարգսյանը: Նրա խոսքով` «Բարի տնակը» լուրջ գործունեություն է իրականացնում: «Հիմա աշխարհում հաշմանդամությունն այլևս թաքնված չէ, և հիվանդ, հաշմանդամ երեխաները չպետք է թաքնվեն, խուսափեն հասարակությունից: Մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ մոտեցումը պետք է փոխենք և համարենք, որ նրանք առողջ են ու մեր մասն են: Պետք է նրանց գրկել, ընդունել:  Կարևոր է խնդիրներ ունեցող երեխաներին կրթություն տալ, խնամել, քանի որ նրանք մենակ չեն կարողանա ապրել: Անհրաժեշտ է նրանց որևէ արվեստ կամ արհեստ սովորեցնել: Այդպես նրանց կյանքը կլցվի, նրանք կկարողանան ապրել երկար տարիներ և չմեկուսանալ»,-ընդգծեց Սարգսյանը: Նախագահի տիկինը կարևորեց  Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժման հարմարությունների ստեղծումը: «Մայթերը հարմար չեն, վերելակներ,  էսկալատորներ է պետք ավելացնել շինություններում, փողոցներում, անցումներում, որպեսզի նրանք հեշտությամբ շրջեն»,-հավելեց նա: Հանդիպման ավարտին «Բարի տնակ»-ից նրան նվիրեցին երեխաների ձեռքով պատրաստված  գունազարդ  արկղիկ` նախատեսված թեյի և չրի համար: Այդ իրերը նաև վաճառվում են, և դրանց հասույթից ստացված գումարը տրամադրվում է «Բարի տնակի»  կառուցմանը: Սարգսյանը խոստովանեց, որ թեյ, չիր շատ է սիրում և հաճույքով ընդունեց նվերը` խրախուսելով ստեղծագործ աշխատանքը, որը երեխաներին օգնում է չմեկուսանալ: «Բարի մամա» կազմակերպության սոցիալական ծրագրերի ղեկավար Զարուհի Պետրոսյանն ասաց, որ իրենց մոտ բնակվում են սոցիալապես անապահով երեխաներ, որոնք ունեն խնամքի և բուժման կարիք: «Այս պահին «Բարի տնակ» ժամանակավոր կացարանում ապրում է երկու բնակիչ. նրանք դեռ կավելանան: Կամավորական հիմունքներով մեզ մոտ աշխատող մասնագետները, ծանոթանալով և առնչվելով մեզ դիմած մայրերի և երեխաների խնդիրներին, որոշում են, թե նրանք որքան  ժամանակ կարող են անցկացնել այստեղ: Մասնագետները հոգեբանական աջակցություն են ցույց տալիս նաև ընտանիքի մյուս անդամներին»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր