00:00:00

Աջափնյակում նախկին ոստիկանը սպանել է հորը «ձյաձով» չդիմած երիտասարդի հորը

02:10, 13 հունվար 2019 Իրավական

1in.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Աշոտ Բաղդասարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով: Ըստ մեղադրանքի՝ հեռախոսային խոսակցության ժամանակ իր հոր հետ Տ. Արշակյանի կողմից անհարգալից խոսելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոտ Բաղդասարյանը գնացել է Արշակյանի բնակության վայր: Այնտեղ նա վիճաբանել է Տ. Արշակյանի հետ: Վիճաբանության ընթացքում Աշոտ Բաղդասարյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ. Արշակյանի դեմքին: Ըստ մեղադրանքի՝ որդուն պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Տ. Արշակյանի հայրը՝ Սամվել Արշակյանը: Վերջինս, ըստ մեղադրանքի, Աշոտ Բաղդասարյանի առողջությանը հասցրել է թեթև վնաս: Դրանից հետո Աշոտ Բաղդասարյանը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակի կոթով նախ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին՝ պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, ապա նույն ատրճանակով երեք անգամ կրակել է նրա կրծքավանդակին: Սամվել Արշակյանը մահացել է արյան սուր կորստից: Մեղադրող դատախազը հաստատված էր գնահատել Աշոտ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքները, միջնորդել էր նրան մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 10 տարի ազատազրկման: Տուժողի իրավահաջորդ Ա. Արշակյանը՝ սպանված Սամվել Արշակյանի դուստրը, «պնդել և պահանջել էր»՝ ամբաստանյալի հանցավոր արարքը չի կարող մեղմացվել, նրա նկատմամբ պետք է սահմանվի օրենքով նախատեսված խիստ պատիժ: Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Աշոտ Բաղդասարյանը եկել է իրենց տան մոտ, դուրս է կանչել իր եղբայրներին, իր տան անդամների նկատմամբ նա «մահափորձ է կատարել… Հայրս, կյանքը վտանգի ենթարկելով, փրկել է իր ընտանիքի անդամների կյանքը… Մենք Աշոտ Բաղդասարյանի դեմ ոչինչ չենք ունեցել… Եվ Աշոտ Բաղդասարյանի արարքը ոչ մի բացատրություն չունի՝ օրենքով սահմանված կարգով… Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը… Իմ հայրն է ունեցել պաշտպանության կարիք…»: Տուժողի իրավահաջորդի կարծիքով՝ ամբաստանյալը ժամանակին աշխատել է ոստիկանության համակարգում ու չէր կարող չիմանալ, որ ինքնապաշտպանության նպատակով կրակում են գետնին կամ ոտքերին, ոչ թե մարդու կրծքին: Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանում պնդել է, որ իր պաշտպանյալ Աշոտ Բաղդասարյանը դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները իրավաչափ են եղել, նույնիսկ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում տեղի չի ունեցել: Աշոտ Բաղդասարյանը գնացել է պարզելու՝ ինչու է Տ. Արշակյանն իր հոր հետ խոսել՝ առանց տարիքը հարգելու, դիմել է՝ առանց «ձյաձ» ասելու՝ միայն անունով : Վիճաբանությանը միջամտած Սամվել Արշակյանի ձեռքին եղել է սուր գործիք, որով նա բազմաթիվ՝ մոտ 18 հարված է հասցրել Աշոտ Բաղդասրյանին, պատռել է նրա բաճկոնը, վնասել է մեջքը… Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ Աշոտ Բաղդասարյանի ձեռքերին, մեջքին, ոտքերին եղել են սուր գործիքից ստացած վնասվածքներ… Պաշտպանը նշել է՝ Աշոտ Բաղդասարյանը ապօրինի զենքի մասով նախաքննության սկզբից իրեն մեղավոր է ճանաչել, ինքնակամ ներկայացրել է ատրճանակը: Ինչ վերաբերում է դիտավորյալ սպանության մեղադրանքին, պաշտպանը պնդել է՝ իր պաշտպանյալի արարքը դիտավորյալ սպանություն չէ, Աշոտ Բաղդասարյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նա տուժողի՝ իր վրա կատարած հարձակումը կանգնեցնելու համար մեքենայից վերցրել է զենքը, նախ օդ է կրակել, հետո ատրճանակով հարվածել է տուժողի գլխին: Վերջինս ընկել ու սկսել դանակով հարվածել Աշոտ Բաղդասարյանի ոտքերին: Միայն դրանից հետո են արձակվել կրակոցները… Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակել է Աշոտ Բաղդասարյանի արարքը, նրան մեղավոր է ճանաչել ոչ թե դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այլ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Աշոտ Բաղդասարյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության բոլոր կողմերը՝ մեղադրողը, տուժողի իրավահաջորդը, ամբաստանյալի շահերի պաշտպանը: Մեղադրողը պահանջել է առաջին ատյանի դատարանի կատարած վերաորկումը համարել անհիմն, դատավճիռը բեկանել, Աշոտ Բաղդասարյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար և նշանակել նշված հոդվածների սանկցիայով նախատեսված համաչափ պատիժ: Տուժողի իրավահաջորդը պահանջել է բեկանել դատավճիռը, Աշոտ Բաղդասարյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար, նշանակել խիստ պատիժ կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննության: Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը դատավճռի հրապարակումից հետո այն դիրքորոշումն էր հայտնել, թե մեր իրականության մեջ եզակի դեպքերում է, որ դիտավորյալ սպանությունը վերաորակվում է որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ գոնե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն: Այս առումով՝ առաջին ատյանի դատարանի կողմից կատարված վերաորակումը կարող է համարվել պաշտպանական կողմի հաղթանակ: Սակայն պաշտպանը նույնպես վերաքննիչ բողոք է բերել՝ պնդելով, որ Աշոտ Բաղդասարյանի գործողությունները ստեղծված իրավիճակում եղել են իրավաչափ, և նա գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Պաշտպանը պահանջել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելու մասով ճանաչել ու հռչակել Աշոտ Բաղդասարյանի անմեղությունը, նրան ճանաչել անպարտ ու արդարացված՝ նրա գործողությունները ստեղծված իրավիճակում գնահատելով որպես իրավաչափ գործողություններ: Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքով պաշտպանը խնդրել է նշանակված պատիժը փոփոխել՝ մեղմացման առումով: Եթե դատարանը չհամարի, որ Աշոտ Բաղդասարյանը գործել է իրավաչափ, ու չարդարացնի նրան, պաշտպանը պահանջել է պատժի մասով կատարել փոփոխություն՝ նշանակել ավելի մեղմ, արդարացի պատիժ: Այս գործը վերաքննիչ քրեական դատարանում է 2018 թվականի ամռանից: Դատական այս նիստում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը ելույթ ունեցավ: Պաշտպանը մանրամասն կանգ առավ տուժողի իրավահաջորդի՝ սպանված Սամվել Արշակյանի դստեր՝ Անիի՝ դեպքի պահին դեպքի վայրում լինել-չլինելու հարցին: Մեղադրանքի կողմի համար Անի Արշակյանը համարվել է դեպքին ականատես վկա, մինչդեռ պաշտպանը վիճարկում է այդ հանգամանքը՝ Անի Արշակյանի ցուցմունքների, դատավարության կողմերի տված հարցերին նրա պատասխանների վերլուծությամբ: Երեմ Սարգսյանը մեջբերեց սպանված Սամվել Արշակյանի հոր պատասխանները դատավարության կողմերի հարցերին. «Անին դուրսն էր, հորը որ խփել էին, վատացել էր… »: Պապն ասել է, թե թոռնուհին տանից դուրս է եկել կրակոցների պահին: Պաշտպանը նշեց՝ տանից մինչև դեպքի վայր՝ 30-40 մետր է… Պապիկը հարցերին պատասխանելով՝ ասել է՝ երբ Անին դուրս է եկել, տեսել է, որ «հորը խփել են լրիվ… Ժողովուրդը արդեն հավաքված էր…»: Պաշտպանն ընդգծեց՝ Անիի տնից դուրս գալու պահի վերաբերյալ պապին հարցեր են տվել դատավարության բոլոր կողմերը, իսկ երբ դատարանն էլ է նույն հարցերը տվել, պաշտպանական կողմն արդեն առարկել է: Իսկ պապիկը, հասկանալով, որ «մի բան այն չէ, իրենից այլ բան է ակնկալվում», պատասխանել է՝ չեմ հասկանում՝ ինչա կատարվում… տեսելա, չի տեսել… մոտեցել ա հորը՝ էրեխես էլ չի էղել, հանգել ա, չգիտեմ՝ տեսել ա, ինչ ա արել…»: Պաշտպանը կարևորեց Աշոտ Բաղդասարյանի ու Անի Արշակյանի առերես հարցաքննությունը: Ըստ պաշտպանի՝ երբ Աշոտ Բաղդասարյանը Անիին հարցրել է՝ որտե՞ղ եք եղել դեպքի պահին, քննիչը հարցը հանել է, քանի որ հստակ իմացել է՝ Անին դեպքին ականատես չի եղել: Պաշտպանը կարևորեց նաև Աշոտ Բաղդասարյանի մյուս հարցը Անիին. «Եթե իրականում դեպքի վայրում եք եղել, ո՞վ ա հասցրել իմ վնասվածքները»: Անին ասել է՝ չեմ կարող պատասխանել: Ըստ պաշտպանի՝ դեպքի վերաբերյալ Անին տվել է կցկտուր տեղեկություններ, նրա հայտնածը կարող էր հայտնել նաև դեպքին ներկա չգտնված անձը… Բայց Անին, պատասխանելով պաշտպանական կողմի հարցին՝ պնդել է, որ դեպքին հաստատ ականատես է եղել: Եթե այդպես է՝ ինչո՞ւ արդեն ընկած հորը մոտենալով՝ հարցրել է՝ պա՛պ, ի՞նչ ա էղել: Այս հարցին Անին, ըստ պաշտպանի, պատասխանել է՝ քանի որ հայրն ընկած էր, ինքը վերոհիշյալ հարցը ուղիղ իմաստով չի տվել, այլ հարցրել է, որ հայրը ուշքի գա, նրա աչքերն արդեն «հետ էին գնացել»: Պաշտպան Երեմ Սարգսյանը վերաքննիչ դատարանին կոչ արեց՝ եթե իր մեջբերումներից հետո էլ կասկածեր կունենան՝ Անին դեպքին ականատես եղե՞լ է, թե՞ ոչ, ապա թող առաջնորդվեն անմեղության կանխավարկածով: Իսկ եթե վերաքննիչ դատարանը արժանահավատ կհամարի Անի Արշակյանի տված ցուցմունքները, ապա, ըստ պաշտպանի, պետք է հիմնավորի՝ ինչո՞ւ է այդպես գնահատում: Ըստ պաշտպանի՝ Անի Արշակյանն իրականում բուն դեպքին ականատես չի եղել, ու նրա ցուցմունքները չեն կարող դիտարկվել որպես դեպքին ականատեսի ցուցմունքներ: Դեպքի իրական հանգամանքների մասին հայտնել են միայն ամբաստանյալն ու նրա բարեկամը: Եվ դեպքի իրական հանգամանքները, ըստ պաշտպանի, հաստատում են, որ Աշոտ Բաղդասարյանը դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Պաշտպանը նաև իր դիրքորոշման հակառակ կողմից դիտարկեց իրավիճակը՝ ընդունենք, թե Անին ներկա է եղել դեպքին, ու նրա ցուցմունքները հիմնավոր են: Նույնիսկ այդ դեպքւմ, ըստ պաշտպանի, գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատվում է, որ Աշոտ Բաղդասարյանը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում… Պաշտպանը մեջբերեց Անիի ցուցմունքից՝ նա նշել էր, թե հոր ձեռքին դեպքի պահին «ինչ-որ բան» էր տեսել: Հետո ասել է, թե դա փայտե առարկա էր, բայց ինքը չի տեսել, որ հայրն այդ առարկայով հարվածեր Աշոտին… Պաշտպանը նշեց՝ Աշոտ Բաղդասարյանը ցուցմունք չի տվել՝ մինչև Անիի հետ առերես հարցաքննությունը: Այդ հարցաքննության ժամանակ է նա, ըստ էության, տվել իր առաջին ցուցմունքը: Նա այդպես է վարվել՝ հստակ իմանալով, որ Անին դեպքին ականատես չի եղել, ու եթե ինքը ավելի վաղ նշեր դեպքի հանգամանքները, նա կարող էր օգտվել իր ասածներից… Աշոտ Բաղդասարյանը Անիին հարցրել է՝ ի՞նչ դիրքում էր հայրդ, և ի՞նչ դիրքում էի ես կրակոցների պահին: Բայց քննիչը հանել է այդ հարցը՝ ձևակերպելով, թե Անին իր ցուցմունքում արդեն այդ հարցին պատասխանել է: Մինչդեռ Անիի ցուցմունքում այդ հարցի պատասխանը չկա… Հետագայում Անին նշել է, թե ստիպված ստորագրել է ամբաստանյալի հոր կողմից գրված դիմումը՝ մտավախություն է ունեցել իր և ընտանիքի անվտանգության համար: Բայց ամբաստանյալի հայրը ինչպե՞ս կարող էր գրել մի դիմում, որը իր տղայի դեմ էր: Անին հետագայում նշել է՝ հայրս Աշոտին այնպիսի վնաս չէր հասցրել, որը կարող էր պատճառ դառնալ նրան սպանելու համար, Աշոտի արարքը արդարացում չունի, նա արժանի է ամենախիստ պատժին… Անին նշել է, թե Աշոտը հոր գլխին ատրճանակի կոթով հարվածել է առաջին կրակոցից հետո: Բայց ըստ պաշտպանի՝ իրականում Աշոտը նախ ատրճանակի կոթով հարվածել է տուժողի գլխին, նա ծնկել է, հետո նոր անհրաժեշտություն է առաջացել, որ նա կրակի… Անին ասել է, թե Աշոտն իրենց տան մոտ էր եկել իր ընտանիքի անդամներին սպանելու մտադրությամբ, նա «աջուձախ» կրակոցներ է արձակել: Ըստ պաշտպանի՝ Անին իր ցուցմունքներում «խեղաթյուրել է» դեպքի հանգամանքները՝ փորձելով հիմնավորել, որ Աշոտ Բաղդասարյանը դիտավորյալ սպանություն է կատարել… Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր