Մարտի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի համատեղ մամուլի ասուլիսը: Ապա կողմերը լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփեցին նախորդ օրը տեղի ունեցած փակ նիստի արդյունքները: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է Պուտինը Չինաստանում հայտարարում, որ չի կարելի հակամարտող երկրներին զենք վաճառել՝ նկատի ունենալով Ուկրանիային, բայց ՌԴ-ն Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին զենք է վաճառում, Կոնստանտին Կոսաչովը պատասխանեց.
«Մենք բոլորս հասկանում ենք, որ իրավիճակը պայթունավտանգ է Ղարաբաղի առումով: Ռուսաստանը կատարում է իր պարտականությունները: Իրավիճակը վերահսկվում է և այդ առումով ապրիլյան պատերազմից հետո փոփոխություններ են եղել»,- ասաց նա, նշելով, որ Ուկրանիայում ակտիվ իրավիճակ է:
Լրագրողները հետաքրքվեցին, թե պաշտոնական Մոսկվան ի՞նչ կարծիք ունի, որ ՀՀ Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երկարաձգվի՝ վարչապետի պաշտոնում: Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի ցանկությամբ, քանի որ նրանք են կողմ քվեարկել փոփոխությանը:
«Ռուսաստանի Դաշնությունն այս պահին որեւէ բան չի կարող ասել կադրային փոփոխությունների մասին, քանի դեռ այն տեղի չի ունեցել: Դա Հայաստանի ներքին գործն է ու ձեր սուվերեն իրավունքը: Վստահ եմ, որ այն կկատարվի ժողովրդավարության սկզբունքի վրա՝ օրենքին համապատասխան ու մենք կհարգենք այդ ընտրությունը»,- նշեց նա: