Երեւանի ավագանու այս տարվա անդրանիկ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ: Այս մասին Irakanum.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից, հավելելով, որ ուսումնասիրվում են տեսագրությունները, հարցաքննվում են անձինք, եւ այլ քննչական- դատավարական գործողություններ են կատարվում: Քննչական կոմիտեից չեն մանրամասնում, թե ովքեր են ի վերջո հրավիրվել հարցաքաննության: Նշենք, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծ) եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածների հատկանիշներով:
118-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Իսկ 258-րդ հոդվածը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստում փետրվարի 13-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձել իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել էին արգելել նրանց, որից հետո քաշքշուկ էր սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ էին հասցրել «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել էր, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, ինչի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին: Փաստի առիթով ոստիկանություն էին դիմել թե՛ «Երկիր ծիրանիի» ներկայացուցիչները, թե՛ քաղաքապետարանը:
Մարտի 19-ին նախատեսված է Երեւանի ավագանու հերթական, որն այս տարվա երկրորդ նիստն է: Նիստն ուշագրավ է այն առումով, որ հաջորդում է սկանդալային նիստին, որի զարգացումները դեռեւս թարմ են: Երեւանի ավագանու ՀՀԿ անդամներին եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին սպասվում է լուրջ փորձություն: Երկրորդ անգամ նույն սխալը թույլ տալը կարող է ճակատագրական լինել շատերի համար: Անշուշտ ավագանու տեղի ունենալիք նիստը բավականին բուռն ընթացք է ունենալու: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները ծանրակշիռ փաստերով են ներկայանալու նիստին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործողություններում թափանցիկության խնդիր կա, պետք է հանրությանը պարզաբանի, թե ինչ աղբյուրներից են քաղաքապետարանի աշխատակազմին հատկացվում պարգևատրումներն ու նվերները: Այս մասին բարձրաձայնել է «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Հիշեցնենք, որ մարտի 8-ի առիթով Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի կին աշխատակիցներին ու ավագանու անդամներին բանկային քարտեր է նվիրել՝ գումարով: Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այս առիթով հարցադրումներ է ուղղել Տարոն Մարգարյանին: Մարտի 8-ի առթիվ Երևանի քաղաքապետարանը 17 մլն դրամի ծաղկի գնում է իրականացրել: Փողերի ծախսման, կոռուպցիոն դրսեւորումների թեման բավականին նուրբ է, որին Մարգարյանն ու իր թիմը ցավոտ են վերաբերվում:
Ընդդիմադիր մեկ այլ խմբակցություն՝ «Ելք» դաշինքն էլ պատրաստվում է բարձրաձայնել, թե ինչպես ստացվեց, որ մարտի 19-ի նիստը դեռ տեղի չունեցած, համապատասխան որոշումը չընդունված, քաղաքապետարանն արդեն իսկ թույլատրել է Մաշտոցի պողոտայում իրականացնել շինաշխատանքներ:
Բացի այդ սահմանափակվել է նաեւ ԶԼՄ-ների աշխատանքը քաղաքապետարանում: Մարտի 19-ը կարող է դառնալ լուրջ փոփոխությունների մեկնարկ: Սա քաջ գիտակցում են նաեւ Երեւանի քաղաքապետարանում:
Irakanum.am