Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի սկզբնամասում բախվել են Audi մակնիշի 35 TO 729 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 79 NN 099 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ Shamshyan.com-ի, վթարի հետևանքով «07»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարից հետո Audi-ի վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: