00:00:00

Երբ եւ ինչ ժամկետներում է ձեւավորվելու նոր կառավարությունը

16:19, 11 դեկտեմբեր 2018

Նոր Ազգային ժողովի ձեւավորումից հետո խորհրդարանը վարչապետ չի ընտրելու: Սահմանադրության 149-րդ հոդվածը նախատեսում է, որ խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետ մեծամասնության առաջարկած թեկնածուին ՀՀ նախագահը նշանակում է վարչապետի պաշտոնում: Նշված հոդվածի առաջին մասում, մասնավորապես, նշվում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց անմիջապես հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»: Նույն հոդվածով սահմանվում է, որ Վարչապետի ընտրություն ԱԺ-ում տեղի է ունենում վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում: Սահմանադրության 150-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում ՀՀ նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան:  Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը  նշանակված է համարվում իրավունքի ուժով: Իսկ արդեն կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: «Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»,-ասված է Սահմանադրության 151-րդ հոդվածում: Ըստ նախնական տվյալների (եթե չլինեն բողոքարկումներ) ԱԺ առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Ըստ էության, նույնը օրը ՀՀ նախագահը կնշանակի վարչապետ, որից հետո 5-օրյա ժամկետում (մինչեւ դեկտեմբերի 29-ը) վարչապետը կառաջարկի նախարարների ու փոխվարչապետների թեկնածուներին: Թեկնածությունները հաստատվում են 3-օրյա ժամկետում: Սա նշանակում է, որ Ամանորին կառավարությունն ամբողջությամբ կազմավորված կլինի: Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, նոր խորհրդարանը կազմված կլինի երեք ուժերից՝ «Իմ քայլը» դաշինք (88 մանդատ), ԲՀԿ (26 մանդատ) եւ «Լուսավոր Հայաստան» (18 մանդատ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր