00:00:00

ԱՄՆ Պետդեպը շնորհավորել է Հայաստանին

15:23, 11 դեկտեմբեր 2018

Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և կարծում, որ դրանք անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների բյուրոյի և մարդու իրավունքների անվտանգության և համագործակցության կազմակերպության գնահատականներն առ այն, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները հնարավորություն ունեին ազատորեն իրականացնել նախընտրական քարոզարշավը», -ասված է հայտարարության մեջ: ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ նախնական եզրակացության հետ, որ Հայաստանում ընտրական գործընթացը լայն հանրային աջակցություն է ստացել, պաշտպանվել են քաղաքացիների հիմնարար ազատությունները: Բացի այդ, Պետդեպարտամենտը կոչ է արել իշխանություններին հետևել ԵԱՀԿ և Վենետիկի հանձնաժողովի տված խորհուրդներին՝ դրանք ապագա ընտրություններում կիրառելու նպատակով: Ամերիկյան կողմը Հայաստանի նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ աշխատելու, երկկողմ գործընկերությունը խորացնելու, ինչպես նաև օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել: Պետդեպարտամենտը կարևորել է նաև համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի և ներդրումների զարգացման, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման ոլորտներում: Ամերիկյան կողմն ընդգծել է, որ «այս տարի Հայաստանում նշանակալի փոփոխություն է տեղի ունեցել»: «Քսան յոթ տարի Միացյալ Նահանգներն աջակցել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ինստիտուտներին ու մտադիր է նույնկերպ շարունակել»,-ասվում է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր