00:00:00

Բուրգից հրահանգներ, վարչական ուղղակի պրեսինգ չի եղել. Նաիրա Զոհրաբյան

02:42, 11 դեկտեմբեր 2018

Տոտալ, համակարգված վարչական ռեսուրսի կիրառում չի եղել․ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ «Մենք իսկապես գտնում ենք, որ ժողովուրդը ձեւավորել է խորհրդարան, եւ խորհրդարանի առջեւ լրջագույն խնդիրներ են դրված լինելու, ուստի մենք պատրաստ ենք մեզ տրված քվեի պատասխանատվությունը վերցնելով՝ իրականացնել այն։ Տոտալ, համակարգված վարչական ռեսուրսի կիրառում չի եղել, բուրգից հրահանգներ, վարչական ուղղակի պրեսինգ չի եղել, ընտրական կաշառք չի եղել, եւ դա միանշանակ է։ Գազելների եւ 10 հազարանոցների շքերթ չի եղել, բայց ցավոք սրտի տեղերում էլի մնացել են պաշտոնյաներ, որոնք առաջնորդվում են հին Հայաստանի  խաղի կանոններով, որոնց համար բացարձակապես միեւնույն է՝ ով է օրվա իշխանությունը, իրենք պատրաստ են նույն գործելաոճով աշխատել ցանկացած իշխանության օրոք՝ մտածելով, որ իրենց մատուցած արջի ծառայությունը հետագայում գնահատվելու է իրենց պաշտոնավարման երկարաձգմամբ։ Սա է իրողությունը, ինչի մասին ես բարձրաձայնել եմ Սյունիքում»,– ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը ոստիկանություն  չի դիմել, քանի որ մասնավոր զրույցներում իրեն նման տեղեկություն հայտնած համայնքապետերը հրապարակային խոսքում դրանից հրաժարվելու էին. «Ես ուղղակի բարձրաձայնել եմ այն, ինչ կա իրականում»։ Դիտարկմանը, թե տարբեր քաղաքական ուժեր հայտարարում են, թե ԲՀԿ–ն իրական ընդդիմություն չէ, Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ հոգնել է  նման հայտարարություններ մեկնաբանելուց։ «Ես ընդհանրապես հոգնել եմ տարբեր քաղաքական ուժերի նյարդային շարժումները մեկնաբանելուց, պետք չէ  քաղաքական արեւի տակ ձեր տեղը փնտրելու համար անընդհատ թիրախ դարձնել ԲՀԿ-ին։ Ի վերջո, հանրությունը փաստեց, որ ԲՀԿ–ն բավականին լուրջ քաղաքական ուժ է, որը բավականին լուրջ ներկայություն է ունենալու խորհրդարանում»,– ասաց նա։ Հարցին, թե ԲՀԿ–ն ինչպես է դիրքավորվելու ապագա խորհրդարանում, արդյոք լինելու են ընդդիմություն խորհրդարանում, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ կանի եւ այդ մասին հայտարարությամբ հանդես կգա։ Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյան երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը քաղաքապետերին եւ համայնքապետերին հրահանգել է ուղղորդել քաղաքացիներին քվեարկելու «Իմ քայլը» դաշինքի օգտին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր