00:00:00

Զոհրաբ Մնացականյանը Չեխիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ ներքաղաքական վերջին զարգացումները

18:44, 07 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 6-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկին: ԱԳՆ-ից   հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ եւ մաղթեց ամենայն հաջողություն կարեւոր այդ առաքելությունում: Զոհրաբ Մնացականյանը եւ Տոմաշ Պետրժիչեկը մտքեր փոխանակեցին երկու երկրների միջեւ հաստատված շահավետ փոխգործակցության եւ հայ-չեխական հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ: Զրուցակիցներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման եւ խորացման համար առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ: Այս առնչությամբ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը որպես գործնական համագործակցության հիմնական ուղղություններ առանձնացրեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների եւ սմարթ զարգացման ոլորտները՝ կարեւորելով տվյալ հարթակում առկա փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Զոհրաբ Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները եւ անդրադարձ կատարելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա ապահովելու ազատ, արդար եւ ժողովրդի կամքն արտահայտող ընտրական գործընթաց: Հայաստանի եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին Հայաստան-ԵՄ գործընկերության շուրջ: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Արեւելյան գործընկերության 10-ամյա հոբելյանը լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին եւ ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր չեխ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի համար առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը, իսկ գործընթացի առաջմղման համար կարեւոր է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորումը՝ առաջին հերթին նախկին պայմանավորվածությունների անշեղ կատարման, հրադադարի ռեժիմի խախտումների եւ ռազմատենչ հռետորաբանության դադարեցման միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր