00:00:00

Երկրաշարժը հակասություններից ցնցվող աշխարհին հիշեցրեց, թե որքան փխրուն է մարդկային կյանքը. Բաբլոյան

18:07, 07 դեկտեմբեր 2018

Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքի բոլոր անկյուններում մենք գլուխ ենք խոնարհում Սպիտակի աղետալի երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ: Այս մասին ասված է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: Նա, նաեւ ասել է. «Նաեւ րոպե առ րոպե վերհիշում ենք հայ ժողովրդի նորագույն պատմության ամենատխուր օրերից մեկում մեր ապրումները եւ համախմբվելը՝ փլատակներից դուրս բերելու եւ վրանային հիվանդանոցներում գոնե մեկ կյանք եւս փրկելու համար: Որպես մասնագիտությամբ բժիշկ՝ իմ ու, կարծում եմ, բոլորիս մոտ էլ դեկտեմբերի 7-ը միշտ կզուգորդվի զոհվածների համար ակամա մեղավորության զգացման ու մեր փրկած ամեն մի կյանքի համար ապրած ուրախության հետ: Սպիտակի երկրաշարժը քաղաքական եւ այլ հակասություններից ցնցվող աշխարհին հիշեցրեց, թե որքան փխրուն է մարդկային կյանքը, ու ավելի քան յոթ տասնյակ պետություններ իսկույն արձագանքեցին մեր ցավին: Եւ մենք երբեք չենք մոռանա իրենց կյանքը վտանգելով փլատակների հետ անհավասար պայքար մղող հայ եւ մյուս պետությունների փրկարարներին, ում խիզախությունն ու նվիրումը ջնջեցին ազգամիջյան եւ բոլոր սահմանները: Ու երախտագիտությամբ ենք հիշում նաեւ այն բժիշկներին, ովքեր երկրաշարժից դեռ շատ տարիներ հետո էլ այնքան ջանքեր էին գործադրում հաշմանդամություն ստացած մարդկանց առողջությունը վերականգնելու համար, աղետի գոտում աշխատող հոգեբաններին, սոցիալական աշխատողներին, շինարարներին եւ մյուս մասնագիտությունների տեր մարդկանց: Սիրելի հայրենակիցներ. Շիրակի, Լոռու եւ Տավուշի հարյուրավոր բնակավայրերն ընդգրկած Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը բազմաթիվ են: Դրանք մեզ ստիպեցին բոլորովին այլ հայացքով նայել սեյսմակայունության, ենթակառուցվածքների ստեղծման, աղետներին արագ արձագանքման եւ շատ ու շատ այլ խնդիրների: Անկախ այդ դասերը յուրացնելու համար անցած երեսուն տարիներին կատարված հսկայական աշխատանքից, այսօր մենք պետք է համադրենք, թե ինչ ենք անելու վաղը, մյուս օրը, որպեսզի ավելի ամրացնենք Հայաստանի դիմակայունությունը եւ բնական կամ տեխնածին որեւէ աղետ մեզ այլեւս կորուստներ չպատճառի: Կրկին գլուխ եմ խոնարհում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի առջեւ, վշտակցում նրանց հարազատներին ու մերձավորներին եւ արժանին մատուցում բոլոր նրանց, ովքեր այդ դառն օրերին աշխարհի տարբեր կողմերից եկան սպեղանի դնելու մեր անթիվ վերքերին»,- ասված է Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր