Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Նախընտրական մեծ բանավեճ» հաղորդման ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարներին վերաբերող հարցին:
«Արցախի հարցը մեր կառավարությունն ընդունել է մի կետում, երբ բոլորը սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի և, ըստ էության, ստորացուցիչ զիջումներ: Դա բանակցային այն կետն է, որում նախորդ կառավարությունը թողել է Արցախի հարցը: Մեր դիրքորոշումը շատ հստակ է: Բոլորը թող արձանագրեն, որ որևէ մեկը չպետք է Հայաստանին համարի այն հարցի հասցեատեր, թե դուք արդյո՞ք պատրատ եք փոխզիջումների: Իսկ որևէ մեկը Ադրբեջանին հարցրել է արդյո՞ք, թե ինքը պատրաստ է՞ փոխզիջումների: Քանի դեռ այս հարցը Ադրբեջանին չի տրվել, որևէ մեկը չպետք է այն ինձ ուղղի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին վերաբերող հարցին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ ՀՀ ներկայացուցչի այդ պաշտոնը զբաղեցնելը կեղծ նվաճում էր, քանի որ դաշինքի անդամ երկրները ՀՀ կառավարության լռության պայմաններում զինում էին Ադրբեջանին՝ նվաստացուցիչ իրավիճակ ստեղծելով Հայաստանի իշխանության համար:
«Հայաստանը շատ հստակ ասելու է իր դիրքորոշումը, և, ի տարբերություն նախկինի, մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել՝ ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ»,- ասել է Ն. Փաշինյանը: