Այսօր ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ տիկին Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո Դել Բարբան և Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։
Հայաստան այցելած սենատորները միջազգային դիտորդական առաքելության կազմում դիտարկելու են դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հյուրերին ներկայացրել է Հայաստանում ընթացող ընտրական գործընթացը և պատասխանել նրանց հարցերին։ Արարատ Միրզոյանը մասնավորապես նշել է, որ ժողովրդավարության իմիտացիան և ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցություններն ու ընտրությունների արդյունքների կեղծումը Հայաստանում այլևս տեղ չունեն, և որ ՀՀ նոր իշխանություններն այսուհետ ևս գործադրելու են բոլոր ջանքերը Հայաստանում իրական ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ընտրական օրենսգրքի կառավարության առաջարկած փոփոխություններին, կանանց և տղամարդկանց համար հավասար պայմանների ապահովմանը, ինչպես նաև հայ-իտալական երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցերին։
Կարծիք հայտնելով, որ երկրում իշխանությունը հուսալի ձեռքերում է՝ պատվիրակության անդամները հաջողություն են մաղթել Հայաստանի ժողովրդին և նոր քաղաքական ուժին երկրի զարգացման բարդ և պատասխանատու գործում։