00:00:00

Արա Բաբլոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

21:35, 05 դեկտեմբեր 2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում: Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժեւորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման փուլում, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության զարգացման եւ մասնավորապես ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու հարցում: Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, նշել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Իտալիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական առնչությունների վրա: Օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրներին միավորում եւ հարաբերություններն առավել ամրապնդում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական եւ ժողովրդավարական ընդհանուր արժեքները: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանություններին ու ժողովրդին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար: Պաոլա Տավերնան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այցը կնպաստի Իտալիայի եւ Հայաստանի դարավոր բարեկամական կապերի ու փոխգործակցության առավել խորացմանը: «Մենք հիմա մի երկրում ենք, որն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով եւ ցանկանում ենք օգնել այդ գործընթացի ամրապնդման հարցում»,- ասել է Իտալիայի Սենատի փոխնախագահը: Հյուրերի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին, խորհրդարանական արտահերթ ընտրություններին ու տարածաշրջանային խնդիրներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր