00:00:00

Ժամկետային զինծառայողը ծառայակցին ստորացրել է, ենթարկել բռնությունների, կատարել է այլ հակաբարոյական գործողություններ

16:01, 04 դեկտեմբեր 2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2017թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերում, ժամկետային զինծառայող Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը պարբերաբար ստորացրել է համածառայող Կ.Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը, ենթարկել ֆիզիկական և հոգեկան բռնությունների, ծաղրուծանակի, կատարել է այլ հակաբարոյական գործողություններ, ինչի հետևանքով վերջինիս մոտ առաջացել է նշված իրադրություններից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիության զգայություն, անբարենպաստ հոգեֆիզիոլոգիական վիճակ, որոնք կրել են հուզական հակազդումների պայթյունակ բնույթ, և հերթական անգամ՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը 18:30-ից 18:40-ն ընկած ժամանակահատվածում, մարտական դիրքի դիտակետում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ Նարեկ Ադիբեկյանի կողմից Կ.Խաչատրյանի նկատմամբ հակաբարոյական գործողություններ կատարելու, ինչպես նաև նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում դիտակետ սուրճ չբերելու պատճառով վերջինիս ծնողի հասցեին հնչեցրած հայհոյանքից՝ ծանր վիրավորանքից, Կ.Խաչատրյանը հայտնվել է սթրեսի, ֆրուստրացիայի, հոգեկան խիստ լարված, ֆիզիկական և հոգեբանական գերլարված և հյուծված վիճակում, որոնք էականորեն ազդել են նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, այսինքն՝ հայտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի, վիճակում, և վրեժխնդիր լինելու շարժառիթով, Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խրամաբջջում, լիցքավորել է իրեն հատկացված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը և արձակել մենահատ կրակոցներ, որի հետևանքով Ն.Ադիբեկյանը գլխի ու մարմնի տարբեր մասերում ստացել է հրազենային գնդակային վնասվածքներ և տեղում մահացել: Նախաքննության ընթացքում Կ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչի կողմից  որոշում է կայացվել նաև Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով /9 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /4 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր