00:00:00

Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում քննարկել են երթեւեկության կանոնակարգման խնդիրը

00:10, 04 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ, հանդիպել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության ֆակուլտերտի դեկան Վալերի Հարությունյանի հետ: Ներկա են եղել նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներ: Հանդիպման նպատակն էր` քննարկել, թե ինչպես կարելի է կանոնակարգել երթևեկությունը` խցանումներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից ու վթարներից խուսափելու համար: Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց Վալերի Հարությունյանին, որ մտահոգ է քաղաքացիների անվտանգ երթևեկությունն ապահովելու խնդրով, ապա լսեց փորձագետի կարծիքն ու առաջարկությունները: Բանախոսը նշեց, որ մայրաքաղաքի փողոցներում շինություններ են կառուցվել` հաշվի չառնելով ո՛չ տրանսպորտային հիմնախնդիրները, ո՛չ էլ կոմունիկացիոն նորմերը, և եթե դրան էլ գումարում ենք օրեցօր ավելացող մեքենաների թիվը, ապա մոտ ապագայում Ճանապարհային ոստիկանությունը ի վիճակի չի լինի կարգավորել երթևեկությունը: Եվ այս մասին պետք է բարձրաձայնել: Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց, թե երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվել` խաչմերուկներն ազատող գծանշումներից մինչև խելացի լուսացույցերի տեղադրումը: Իսկ որ 2003 թվականի համեմատությամբ այսօր մեքենաների ներկրման թիվը հանրապետություն հինգ անգամ ավելացել է, փաստում էր նաև ոստիկանության պետը: Հանդիպման ընթացքում խոսվեց ուրբանիզացիոն խնդիրների մասին, որ բուհերը, նախարարություններն ու շատ գերատեսչություններ, գտնվելով Երևանում, ինքնաբերաբար տրանսպորտային հոսքերի մեծ մասը բերում են կենտրոն, և անհրաժեշտ է նոր էստակադաներ, վերգետնյա ու ստորգետնյա տրանսպորտային հանգույցներ կառուցել: Քանի որ բարձրացրած խնդիրները վերաբերում էին նաև տարբեր գերատեսչությունների, որոշվեց առաջիկայում կազմակերպել ավելի լայն քննարկում, ուր ներգրավված կլինեն այլ շահագրգիռ կողմեր ու կառույցներ ևս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր