00:00:00

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակին նվիրված երկու նամականիշ ու Հատուկ ծրար Է մարվել

20:47, 03 դեկտեմբեր 2018

Հայաստանի Նախագահի նստավայրում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ և Հատուկ ծրար՝ նվիրված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային: Նամականիշերն ունեն 160 և 170 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի և Հատուկ ծրարի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: «Հայփոստ»  ընկերությունից մանրամասնում են, որ  նամականիշերի վրա պատկերված են մրցանակակրին տրվող ոսկե մեդալը և հուշախորհրդանիշը: Հատուկ ծրարի վրա պատկերված է 2018 թվականին ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիրը՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: Հատուկ ծրարի վրա պատկերված են նաև նախորդ տարիների ութ մրցանակակիրները: Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Փոստային նամականիշերի և Հատուկ ծրարի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՏՏ ոլորտում պետական մրցանակին արժանացած 9-րդ դափնեկիր Ջեյմս Թրուշարդը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Թողարկման օրը` 30 նոյեմբերի 2018թ. Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան Տպարանը` Cartor, Ֆրանսիա Նամականիշերի չափսերը` 30,0 x 40,0 մմ Տպաքանակը՝ 30 000 հ. x 2

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր