00:00:00

Հայկ Մարությանը կարգադրել է չնախատեսված վայրերից հեռացնել քարոզչական պաստառները

20:33, 03 դեկտեմբեր 2018

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ  Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել  չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: «Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով  ապակուսակցական մարմին ենք և պետք է ապահովենք հավասարություն բոլորի համար: Եթե չի թույլատրվում, ապա պետք է անհապաղ հեռացվեն և կանխվեն նոր պաստառների փակցման դեպքերը, որպեսզի քաղաքապետարանը հետո գումար չծախսի դրանց հեռացման համար: Այս առումով խնդրում եմ աչալուրջ լինել: Հորդորում եմ նաև բոլոր քաղաքական ուժերին, որ իրենց թեկնածուներին  զգուշացնեն  և թույլ չտան նման ապօրինություններ»,-նշել է քաղաքապետը: Խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցել են, որ ձեռնարկված են անհրաժեշտ քայլերը`   2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար: 475  տեղամասային կենտրոններից 308-ում  աշխատանքներն ավարտված են, իսկ 157-ում թեքահարթակների տեղադրումն անհնար է, որովհետև տեղամասերը գտնվում են շենքերի 2-րդ հարկում: Այս շենքերում խնդրին իրավիճակային լուծում կտրվի: Մայրաքաղաքում   շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ նորմերի պահպանման  նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է նախևառաջ գույքագրել բոլոր շինհրապարակները, վերանայել շինհրապարակի կազմակերպման նորմերը, ապա՝ շինարարական կազմակերպություններին ուղարկել  նախազգուշացումներ և առավել ուժեղացնել հսկողությունը: «Վստահ եմ, որ գրեթե բոլոր շինհրապարակներում այսօր չեն պահպանվում նորմերը:  Մենք պետք է  շատ կոշտ արձագանքենք այս ամենին: Պետք է նախ գույքագրել շինհրապարակները, կատարել ուսումնասիրություններ և սկսել պահանջել  շինարարության պատասխանատուներից»,-ընդգծել է Հայկ Մարությանը: Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցել են, որ դրանք շարունակվում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մասնավորապես՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ շարունակվում է Երևանի շրջանցիկ ճանապարհի Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարությունը: Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը գտնվում է ավարտական փուլում: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, դրամաշնորհային միջոցներով մեկնարկել է Երևանում առկա վերելակային տնտեսության տեխնիկատնտեսական  ուսումնասիրությունը, որի շրջանակներում հավաքագրված տեղեկատվությունը տրամադրվելու է խորհրդատու ընկերությանը: Աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետին զեկուցվել է, որ պատրաստ է  ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրը:  Մեկնարկել են նաև ամանորյա տոնական ձևավորման և Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Այս տարի երևանցիներին և քաղաքի հյուրերին անակնկալ է սպասվում. տեղադրվում է նոր արհեստական տոնածառ: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը պատրաստվում է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, այն    զարդարված  է լինելու շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով և  1500 խաղալիքներով: Հայկ Մարությանը խորհրդակցության ընթացքում աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդական Արթուր Սարգսյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր