00:00:00

Երթևեկության ընթացքում հեռախոսներ գործածելու պատճառով վթարների թիվն աճում է

02:36, 28 նոյեմբեր 2018 Պատահարներ

Հայաստանում ընթացիկ տարվա 10 ամսում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 1 մլն 393 հազար 351 դեպք, որից 82.6 տոկոսը հայտնաբերվել է տեխնիկական միջոցներով՝ տեսախցիկներով, տեսանկարահանող սարքերով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ այս ցուցանիշը նախորդը տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է: 2017 թվականի 10 ամսվա ընթացքում գրանցվել է ճանապարհային երթևեկության 1 մլն 520 հազար 602 իրավախախտում, որոնց 81.3 տոկոսը հայտնաբերվել է տեխնիկական միջոցներով: Ոստիկանությունից պարզաբանում են, որ նվազումը պայմանավորված է 2018 թվականին մտցված մի շարք փոփոխություններով, մասնավորապես, երբ որոշ խախտումների դեպքում վարորդների նկատմամբ կիրառվում է նախազգուշացում: Վիճակագրության համաձայն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կառուցվածքում առաջին տեղում արագության գերազանցումն է: Երկրորդ տեղում ամրագոտին չկապելը, երրորդում՝ երթևեկության ընթացքում հեռախոսով խոսելը: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում հեռախոսազրույցների պատճառով վթարների թիվն աճում է: Վարորդների ուշադրությունը շեղվում է, մանավանդ, նոր սերնդի հեռախոսներն այնպիսի հնարավորություն են տալիս, որ երթևեկության ընթացքում տեսազանգով են շփվում, տեսանյութեր՝ դիտում: Շատ են ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու դեպքերը: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ընթացիկ տարվա 10 ամսում ավելացել է: 2017 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված է եղել 2 հազար 938 դեպք, որոնց հետևանքով զոհվել է 230 մարդ, 4 հազար 350-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2018 թվականի 10 ամսում գրանցվել է 3 հազար 334 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է արդեն 273 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 4 հազար 819 մարդ: Դեպքերի թվի աճը պայմանավորված է տրանսպորտային միջոցների թվի ավելացմամբ, երթևեկության կանոնները չպահպանելու հետ: ՀՀ ոստիկանությունը նոր փոփոխություններ է առաջարկում, որոնք, բալային համակարգի ներդրմամբ, կնպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը՝ դարձնելով ավելի օրինապահ: Նախատեսվում է մեկ տարվա կտրվածքով վարորդին տալ 9 միավոր: Կախված երթևեկության կանոնների խախտման հանրային վտանգավորության աստիճանից՝ իրավախախտում կատարած վարորդի բալերից միավորներ կհանվեն: Արդյունքում՝ վարորդական իրավունքը կկասեցվի որոշակի ժամանակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր