00:00:00

«Էս գործով իրավաբանությունը տարել-հասցրել են… իմպոտենցիայի աստիճանի…»

23:02, 22 նոյեմբեր 2018 Պատահարներ

1in.am-ը գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Լևոն Աճինյանի, Կարո Դոխոյանի և Տաթևիկ Միքայելյանի գործի քննությունը: Այս խումբը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների, ավազակային հարձակումների կատարման համար: Ըստ մեղադրանքի՝ Տաթևիկ Միքայելյանը մաքրություն է կատարել Ս. Վարդանյանի բնակարանում: Տաթևիկը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Լևոն Աճինյանի հետ ու վերջինիս, ինչպես նաև Կարո Դոխոյանին տեղեկացրել է Ս. Վարդանյանի բնակարանում գումարներ ու ոսկե զարդեր լինելու մասին: Երեքի նախնական համաձայնությամբ Լևոն Աճինյանը մտել է Վարդանյանի բնակարան, խեղդամահ է արել տանտիրոջը, այնտեղից հափշտակել են գույք: Կարո Դոխոյանը, իր հերթին, նույն Տաթևիկ Միքայելյանից վերցրել է գործով երկրորդ տուժողի՝ Ս. Դանիելյանի հեռախոսահամարը, զանգահարել է նրան, ժամադրել է, նրանից գումար է խնդրել՝ իբր պարտքով, իսկ մերժում ստանալով՝ խեղդամահ է արել ու թողել փողոցում՝ զոհի գրպանից կատարելով հափշտակություն: Սպանությունից հետո Կարո Դոխոյանը Լևոն Աճինյանի հետ փորձել է մուտք գործել սպանված Ս. Դանիելյանի աշխատասենյակ ու այնտեղից ևս կատարել գույքի հափշտակություն, բայց այդ հանցավոր արարքը ավարտին չեն հասցրել: Լևոն Աճինյանն ու Կարո Դոխոյանը կալանքի տակ են, իսկ Տաթևիկ Միքայելյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Տաթևիկը 2015 թվականի հուլիսին Աճինյանի հետ համատեղ կյանքից երեխա է ունեցել… Լևոն Աճինյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սպանության, գողության փորձի ու ավազակային հարձակման կազմակերպման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 38-34-177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով, 38-175 հոդվածի 1-ին մասով: Կարո Դոխոյանին մեղադրանք է առաջադրվել շահադիտական դրդումներով սպանության, գողության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 34-177 3-րդ մասի 1.1 կետերով, 324 հոդվածի 1-ին մասով: Տաթևիկ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման, ավազակային հարձակման կազմակերպման, սուտ մատնության և խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-175 հոդվածի 1-ին մասով, 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 178 հոդվածի 1-ին մասով: Նախկինում Տաթևիկ Միքայելյանը դատապարտված է եղել: Այս գործն ու այս խումբը միանգամից չեն բացահայտվել: Կարո Դոխոյանը ի սկզբանե մեղադրվել է միայն մեկ՝ Ս. Դանիելյանի դրվագով, այն էլ՝ միայն գողության համար: Հենց գողության համար էլ նա դատապարտվել էր, այդ դատավճիռը մինչև իսկ ուժի մեջ էր մտել, երբ նոր ի հայտ եկած հանգամանքներով գլխավոր դատախազի տեղակալը բողոքարկել է այն, ու վերաքննիչ քրեական դատարանը, բեկանելով այդ դատավճիռը, գործն ուղարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննություն կատարելու: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ Կարո Դոխոյանը գողության համար 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել 2015 թվականի հուլիսի 15-ին: 21-ամյա Կարո Դոխոյանը մեղավոր էր ճանաչվել ընդամենը… բջջային հեռախոս գողանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով: Գործը ուշագրավ էր, կատարվել էր ոչ սովորական հանգամանքներում: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի նոյեմբերի 28-ին Կարո Դոխոյանը Երևանի Կուրղինյան 27 շենքի հետնամասում հանդիպել է իր ծանոթ, 77-ամյա Ս. Դանիելյանին: Կարոն ընկերոջ՝ Լևոն Աճինյանի հետ էր, նրանք կանգնել ու զրուցել են Ս. Դանիելյանի հետ, Կարոն պարտքով գումար է խնդրել Լևոն Աճինյանի համար: Եվ ահա, ըստ այն ժամանակվա դատական ակտի՝ անսպասելիորեն Ս. Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է, նա գիտակցությունը կորցրել, վայր է ընկել է ու մահացել է: Կարո Դոխոյանը, ըստ սկզբնական մեղադրանքի, մահացած Դանիելյանի գրպանից հափշտակել է նրա բջջային հեռախոսն ու 6 հազար դրամ և հեռացել է: Դանիելյանն այդ պահին իր տան մոտ, իր թաղամասում չէր: Կարոն ոչ մի տեղ չի ահազանգել Ս. Դանիելյանի ընկնելու, անգիտակից լինելու մասին: 77-ամյա տղամարդուն հայտնաբերել են միայն հաջորդ օրը՝ նույն տեղում մահացած-ընկած: Իսկ Կարոյին բացահայտել են տուժողի հեռախոսից նրա կատարած զանգի միջոցով. տուժողի հեռախոսից Կարոն շտապօգնություն չէր ահազանգել, այլ զանգահարել էր իր զինծառայող եղբորը ու երկար զրուցել էր նրա հետ՝ չասելով, թե ինչ է կատարվել… Այնուհետև Կարոն շտապ մեկնել էր Մոսկվա: Նրան Մոսկվայից Երևան էր բերել եղբայրը, երբ Կարոն այս գործով կասկածյալ էր դարձել: Տուժողի իրավահաջորդը՝ մահացած Ս. Դանիելյանի կինը, այն ժամանակ հայտնել էր, թե իր ամուսնու մատին եղել է ոսկե մատանի, գրպանում գումար է եղել: Բայց Կարոն ընդունել է միայն, որ վերցրել է տուժողի բջջային հեռախոսն ու 6 հազար դրամ, դրանք էլ վերցրել է, որովհետև տուժողի գրպանից դուրս էին թափվել նրա ընկնելու ժամանակ: Տուժողի իրավահաջորդի խոսքերով՝ ամուսինը շատ հաղթանդամ, առողջ մարդ էր: Նա ոտքով շրջում էր սար ու դաշտերում, խոտաբույսեր ու արմատներ էր հավաքում և սրտի վիրահատություն տարած կնոջն ասում էր՝ առողջությանդ հետևիր, որ ինձ հետ 150 տարի ապրես… Ս.Դանիելյանը կոմունիստական կուսակցության անդամ էր շարունակում մնալ, ակտիվ, շփվող մարդ էր… Այն ժամանակ Լևոն Աճինյանն ընդամենը վկայի կարգավիճակ ուներ, խուսափում էր դատարան ներկայանալուց ու որպես վկա ցուցմունքներ տալուց: Կարո Դոխոյանը, դատապարտվելով 6 ամիս ազատազրկման՝ կալանքի տակ էր առնվել դատարանի դահլիճում: Նա պայմանական վաղաժամկետ՝ պատժի 1 ամիս 29 օրը չկրած՝ 2015 թվականի նոյեմբերի 16-ին ազատվել էր «Սևան» ՔԿՀ-ից: 2016 թվականի մարտի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության դատախազ Արիս Բարսեղյանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել, քանի որ ի հայտ էր եկել նոր հանգամանք՝ Ս. Դանիելյանը ոչ թե փողոցում հանկարծամահ է եղել, այլ նրա մահը եղել է բռնի՝ նա սպանվել է… 2016 թվականի ապրիլի 1-ին Ս. Դանիելյանը ճանաչվել է տուժող: Իսկ 2016 թվականի մայիսի 4-ին Կարո Դոխոյանը ձերբակալվել է: Մայիսի 7-ին նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ նախնական մեղադրանքի՝ Կարո Դոխոյանը արդեն հիշատակված Տաթևիկ Միքայելյանից վերցրել է Ս. Դանիելյանի հեռախոսի համարը, զանգահարել է նրան ու խնդրել է հանդիպել: Որպես հանդիպման վայր նա ընտրել էր բավական խուլ մի վայր՝ Կուրղինյան փողոցի շենքերից մեկի հետնամասին հարակից՝ «Դալմայի այգիների»՝ ընդհանուր ճանապարհի բանուկ մասից հեռու մի հատված: Հանդիպումը տեղի էր ունեցել 2014 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, երբ արդեն մութ էր: Հանդիպելով Դանիելյանին՝ այն ժամանակ ընդամենը 20 տարեկան Կարոն խնդրել է պարտքով գումար տալ՝ Լևոն Աճինյանի համար: Ս. Դանիելյանը մերժել է: Կարո Դոխոյանը, ըստ մեղադրանքի, հարձակվել է Ս. Դանիելյանի վրա, ձեռքերով սեղմել ու փակել է նրա շնչուղիները՝ մեխանիկական շնչահեղձության եղանակով առաջացնելով օրգանիզմի սուր թթվածնաքաղց ու սպանելով Ս. Դանիելյանին: Դոխոյանի վերաբերյալ՝ արդեն օրինական ուժ ստացած դատավճռի դեմ, Ս. Դանիելյանի բռնի մահվան՝ նոր ի հայտ եկած հանգամանքի լույսի ներքո վերաքննիչ բողոք էր բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Հարությունյանը: Բողոքում նշվել է, որ Կարո Դոխոյանը 2014 թվականի նոյեմբերին պարտքով գումար է խնդրել Լևոն Աճինյանից ու Տաթևիկ Միքայելյանից: Վերջինս էլ առաջարկել է այդ հարցով դիմել իր ծանոթին՝ Ս. Դանիելյանին… Նա Դոխոյանին է տվել Դանիելյանի հեռախոսահամարը… Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքը: Ուժի մեջ մտած դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Կարո Դոխոյանի կողքին՝ ամբաստանյալի տեղում են նաև Լևոն Աճինյանն ու Տաթևիկ Միքայելյանը… Քրեական մայր գործին միացվել է նաև Տաթևիկ Միքայելյանի՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով գործը: Տաթևիկ Միքայելյանը հայտարարել էր, թե գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ իրավապահների, մասնավորապես՝ քննիչի, ոստիկանության բաժնի պետի, օպերլիազորների կողմից կիրառվել են խորթ մեթոդներ: Գործը քննվել է ՀՔԾ-ում, Տաթևիկ Միքայելյանի հաղորդած տվյալները չեն հաստատվել, նրան է մեղադրանք առաջադրվել սուտ մատնության համար: Այս բազմաչարչար գործը դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում է 2016 թվականի հուլիսից: Դատական քննությունը տևական ընդմիջումներով է իրականացվում, և դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում դոփում էր տեղում: Դատական այս նիստին ևս չէին ներկայացել գործով ութ վկաները, ինչպես նաև տուժողների իրավահաջորդներն ու Տաթևիկին առաջադրված սուտ մատնության մեղադրանքի մասով տուժող ճանաչված ոստիկանության ծառայողնեը: Վկաներին բերման ենթարկելու վերաբերյալ դատարանն արդեն մի քանի անգամ որոշումներ է կայացրել, բայց այդ որոշումները չեն կատարվել՝ նշված հասցեներում վկաներին հայտնաբերել չի հաջողվել: Դատական այս նիստին ևս նախագահողը հրապարակեց ոստիկանության համապատասխան բաժիններից, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացված գրությունները՝ նշված վկաներին բերման ենթարկելու անհնարինության վերաբերյալ: Գրություններում նշված էր, թե որոշ հասցեներում դուռը բացող չի եղել, իսկ հարցման ենթարկված հարևաններն ասել են, թե տվյալ անձը կամ վաճառել է բնակարանն ու հեռացել է, կամ տվյալ հասցեում նման մարդ չի բնակվում, կամ որոնվող անձը տարիներ առաջ մեկնել է Հայաստանից… Պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտարարեց՝ հետաքրքիր բան պարզվեց՝ վկաներից 5-6 հոգու վերաբերյալ հարևանները տեղեկություն են տվել, որ նրանք 10-15 տարի է՝ տվյալ հասցեում չեն ապրում: Ըստ պաշտպանի՝ տրամաբանական հարց է առաջանում՝ այն անձը, ով արձանագրել է հիշյալ վկաների անձնական տվյալները, այսինքն՝ քննիչը, եղե՞լ է նշված հասցեներում: Պաշտպանը դժգոհեց, որ արդեն 7-8 ամիս դատարանը բերման ենթարկելու որոշումներ է կայացնում՝ վկաներին դատարան ներկայացնելու համար, սակայն նրանց չեն ներկայացնում, դատական նիստերը հետաձգվում են, ու դա, ըստ պաշտպանի, այն պատճառով է, որ որոշ մարդիկ՝ մասնավորապես՝ քննիչը, լավ չեն աշխատել՝ «ժամավաճառությամբ են զբաղվել»՝ վկաների վերաբերյալ ստույգ տվյալներ ամրագրելու փոխարեն, իսկ դատարանը ստիպված է բերման որոշումներ կայացնել, պետական մի շարք կառույցներ աշխատեցնել, ու միևնույնն է՝ երկու տարի առաջ ցուցմունքներ տված վկաներին գտնել չի հաջողվում: Ըստ Արայիկ Պապիկյանի՝ նման պայմաններում մեղադրանքի հիմքում դրված փաստերի մի մասը, «մեղմ ասած՝ կասկած է հարուցում»… Պաշտպանը պնդեց, որ դատարանը բոլոր միջոցները ձեռնարկի՝ հիշյալ վկաների ներկայությունը դատարանում ապահովելու համար: Պաշտպան Մհեր Դավթյանը հայտարարեց, որ իր գործընկեր Ա. Պապիկյանի հայտնած կասկածը խիստ ողջամիտ է. «Էս վկաները, անկեղծ եմ ասում, մեզ ոչինչ տվող չեն, բայց էս գործով իրավաբանությունը տարել-հասցրել են՝ ներողություն՝ իմպոտենցիայի աստիճանի…»: Պաշտպանը նշեց, որ ամբաստանյալները Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ ունեն հակընդդեմ հարցման իրավունք, հետևաբար՝ դատարան չներկայացող վկաներին անպայման պետք է դատարան բերել: Իսկ մինչ այդ՝ պաշտպանն առաջարկեց փոփոխություն կատարել ընթացակարգում ու հարցաքննել դատարան ներկայացած միակ տուժողին՝ սուտ մատնության մեղադրանքի մասով: Պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմինե Ֆանյանը հայտարարեց՝ դատարան չներկայացող վկաների ցուցմունքները մեղադրանքի կողմի ապացույցներն են՝ մեղադրողը կամ թող հրաժարվի այդ ապացույցներից, կամ թող միջոցներ ձեռնարկի, որ հիշյալ վկաները դատարան ներկայանան ու հարցաքննվեն: Սուտ մատնության մասով տուժող Ա. Բադալյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի հայտարարությունները՝ վարույթն իրականացրած քննիչի վատ աշխատանքի վերաբերյալ՝ անհիմն են, նման հայտարարություններ անելը էթիկայի կանոնների խախտում է: Նախաքննության ընթացքում կատարվել են համապատասխան գործողություններ, մարդիկ ներկայացել են փաստաթղթերով, որոնց համաձայն էլ նշվել են նրանց հասցեները: Մարդիկ ազատ տեղաշարժի իրավունք ունեն: Գործը դատարանի վարույթ է մուտք եղել 2016 թվականին, բավական ժամանակ է անցել՝ մարդիկ կարող էին վաճառել բնակարանները, տեղափոխվել, մեկնել ՀՀ-ից… Հարևանների կողմից արված հայտարարությունները՝ իբր բերման ենթակա մարդիկ տասը կամ ավելի տարի կոնկրետ հասցեներում չեն բնակվել, պատշաճ հավաստիություն ունենալ չի կարող: Հիշյալ վկաները բոլորն էլ նախաքննության ընթացքում պատշաճ հարցաքննվել են… Գործով մեղադրող Արիստակես Բարսեղյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը պետք է կոռեկտ արտահայտվի վարոյթն իրականացրած մարմնի վերաբերյալ: Գործով դատակոչի ենթակա անձանց 2/3-ն արդեն հարցաքննվել է: Ինչ վերաբերում է համառորեն դատարան չներկայացողներին, ապա մեղադրողն ինքը դեռ անցած տարվանից միջոցներ է ձեռնարկում դատարան չներկայացողներին դատարան ներկայացնելու ուղղությամբ: Մեղադրողը նշեց՝ կարող են տարբեր խնդիրներ լինել՝ մարդը կարող է հաշվառված լինել մի հասցեում, բայց բնակվել՝ մեկ այլ հասցեում, հարևանների հայտարարությունները դեռ պաշտոնական պատասխաններ չեն: Մեղադրող Ա. Բարսեղյանն առաջարկեց, որ դատարանը ՍԷԿՏ համակարգի միջոցով պարզի՝ վկաներից ովքեր են հատել ՀՀ պետական սահմանը, ովքեր այդպես էլ չեն վերադարձել ՀՀ, ինչպես նաև անձնագրային ու վիզաների վարչությունից պարզել այն վկաների հասցեները, որոնց վերաբերյալ տեղեկություններ են հայտնել, թե նրանք նշված հասցեներում չեն բնակվում: Մեղադրողը հայտարարեց, թե ինքն իր կողմից բոլոր միջոցները կձեռնարկի, որ դատարան չներկայացող վկաները, ի վերջո, ներկայանան, եթե գտնվում են ՀՀ-ում: Պաշտպան Արայիկ Պապիկյանը, ի պատասխան մեղադրանքի կողմի դիտողության՝ կոռեկտ արտահայտվելու վերաբերյալ, հայտարարեց. «Որպես պաշտպան՝ ես իրավունք ունեմ կասկած ունենալու մեղադրանքի կողմի անգործության կամ գործողությունների վերաբերյալ, ինչը և ես հայտնեցի… Մեղադրանքի կողմն իրավունք չունի կոռեկտության կոչեր ուղղելու ինձ, կարող է դիմել դատարանին կամ ՓՊ՝ ինձ կարգի հրավիրելու հարցով… Մեղադրանքի կողմը կարող է անել այն, ինչ թույլատրված է օրենքով, իսկ պաշտպանության կողմը իրավունք ունի անելու այն, ինչ արգելված չէ…»: Դատարանը որոշեց դիմել ոստիկանության՝ անձնագրային ու վիզաների վարչություն՝ ճշտելու համար դատարան չներկայացողների հաշվառման ու բնակության հասցեները, ինչպես նաև ՍԷԿՏ համակարգով հարցում կատարել կոնկրետ անձանց՝ ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ: Մինչ բոլոր հարցումները կկատարվեն ու պատասխանները կստացվեն, դատարանը փոխեց ընթացակարգը ու, կողմերի համաձայնությամբ, հարցաքննեց դատարան ներկայացած տուժող Աշոտ Բադալյանին: Վերջինս ներկայացավ որպես քննչական վարչության՝ ՀԿԳ ավագ քննիչ: Հայտնեց, որ Տաթևիկ Միքայելյանի հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում գործ է քննվել ու կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ու հենց Տաթևիկ Միքայելյանին է մեղադրանք առաջադրվել՝ սուտ մատնություն կատարելու համար: Տուժողը հայտնեց, թե Տաթևիկ Միքայելյանը նախկինում էլ փորձ է ունեցել սուտ մատնություն կատարելու՝ իր նախկին ամուսնու գործով նա հայտարարել է, թե քննիչներն ուղղորդել են իրեն, բայց երբ ՀՔԾ-ում գործ է քննվել, նա հետ է կանգնել ասածներից ու հայտնել է, թե ցանկացել է օգնել ամուսնուն: Ըստ տուժող Բադալյանի՝ այս գործով Տաթևիկ Միքայելյանը հայտարարել է, թե Լևոն Աճինյանն է հիմա իր ամուսինը, հիմա էլ է նա քննիչներին մեղադրել՝ այս անգամ էլ ցանկանալով օգնել Լևոն Աճինյանին: ՀՔԾ-ում քննված գործով Տաթևիկի հաղորդումը չի հաստատվել, ոստիկանության ներքին անվտանգության վարչության կատարած ծառայողական քննությամբ նույնպես ոչինչ չի հաստատվել: Ըստ տուժողի՝ Տաթևիկ Միքայելյանը «մարտավարություն է մշակել իր համար՝ իրավապահների գործողությունները ներկայացնում է իր ձևով»: Տուժող Բադալյանը պահանջեց, որ Տաթևիկ Միքայելյանը պատասխանատվության ենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ: Այնուհետև տուժող Բադալյանը հայտարարեց, որ օգտվելու է իր սահմանադրական իրավունքից ու չի պատասխանելու իրեն մեղադրող հարցերին, որոնք, ամենայն հավանականությամբ, հնչեցնելու է պաշտպանական կողմը: Տուժող քննիչը պնդեց, որ Տաթևիկ Միքայելյանին հարցաքննել է օրենքի պահանջներին համապատասխան, չի սպառնացել նրան, կալանքի տակ առնելու կեղծ որոշում նրան ցույց չի տվել, չի սպառնացել, թե նրա երեխային կուղարկի մանկատուն, եթե նա ցուցմունքներ չտա փաստացի ամուսնու ՝ Լևոն Աճինյանի դեմ: Տուժող քննիչը նշեց, որ Տաթևիկ Միքայելյանը հարցաքննվել է պաշտպանի ներկայությամբ, իսկ երբ պաշտպան չի եղել, հարցաքննությունը տեսաձայնագրվել է, ինքը տեսագրությունից դուրս Տաթևիկ Միքայելյանին չի վախեցրել, սպառնացել, չի ուղղորդել… Իր հարցաքննության ժամանակ այլ մարդիկ սենյակ չեն մտել, չեն վախեցրել հարցաքննվողին: Տուժող քննիչը նշեց, թե չի հիշում, որ Տաթևիկ Միքայելյանը հարցաքննության սենյակում իր մի քանի ամսական երեխայի հետ եղած լինի, իր հիշելով՝ նա երեխայի հետ չի եղել, բայց հնարավոր է՝ շենք մտել է երեխայի հետ, երեխային թողել է ինչ-որ մեկի մոտ, ինքը երեխային չի հիշում… Ամբաստանյալ Տաթևիկ Միքայելյանը հայտարարեց. «Մարդու գլխին սարքելով չի»: Իսկ պաշտպան Մ. Դավթյանը հայտարարեց, թե ինքը ժամանակին գրառում էր կատարել Քննչական կոմիտեի ՖԲ էջում՝ քննիչ Բադալյանի կողմից մեղադրյալների առերես հարցաքննությունը իր աշխատասենյակում անցկացնելու վերաբերյալ կասկած հայտնելով, թե այդպիսով քննիչը ցանկանում է վերահսկողություն ունենալ հարցաքննվողների նկատմամբ ու հասնել իր ցանկացած արդյունքին, ինչին նա չի կարող հասնել, եթե առերես հարցաքննությունն անցկացնի ՔԿՀ-ում… Պաշտպան Մ. Դավթյանը նշեց, թե ինքն այն ժամանակվա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմում էր գրել, թե Տաթևիկ Միքայելյանին հարցաքննելու ժամանակ ահաբեկել են նրան, սպառնացել են երեխային ուղարկել մանկատուն, ստիպել են ցուցմունք տալ ամուսնու՝ Աճինյանի դեմ: Բայց, ըստ պաշտպանի, իր դիմումը մերժվել է… Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր