Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
Նա նշեց, որ չճշտված տվյալներով՝ կալանավորվել է 8 մարդ (7 հայ եւ 1 դաղստանցի)։
«Նրանցից մեկը դիմել է հիվանդանոց՝ որովայնի խոռոչի ներթափանցող վնասվածքով։ Ներկայում հետաքննություն է ընթանում, պարզվում են գործի հանգամանքները»,- ասաց Անանյանցը։
«Զելենոգրադ 24»-ը հայտնել է, որ Հայաստանի 33-ամյա քաղաքացուն կասկածում են առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելու մեջ։
Քաղաքի ՆԳ վարչության աշխատակիցները ՌԴ ՔՕ 111 հոդվածով (առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելը) քրեական գործ են հարուցել՝ նոյեմբերի 7-ին «Զելենոգրադի մարգարիտ» բնակելի համալիրում կենցաղային հողի վրա ծագած վեճի ժամանակ դանակով վնասվածքներ պատճառելու փաստով։ Հանցանքի մեջ կասկածվողը կալանավորված է։ Նշված հանցանքի համար առավելագույն պատիժը կարող է 8 տարվա ազատազրկումը լինել։
Հիշեցնենք, որ Զելենոգրադի 17-րդ միկրոշրջանի շինարարական ավանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին մոտ 15 մարդ էր մասնակցել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները կալանավորել էին նրանցից 12-ին, այդ թվում՝ մեկ աղջկա։ Կալանավորվածների մեջ Հայաստանի 7 եւ Դաղստանի 1 քաղաքացի կա։ 32-ամյա եւս մեկ դաղստանցի կրծքավանդակին դանակի վնասվածքներով հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոց, որտեղ այժմ բուժվում է։