00:00:00

Կրակոցներ Երեւանում. 19-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

14:48, 06 նոյեմբեր 2018 Պատահարներ

Երեւանում, նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել եւ կա վիրավոր։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Սուրեն Թ.-ն՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այստեղ բժիշկները մի քանի ժամ պայքարել են նրա կյանքի համար, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են «Մակարով» տիպի ատրճանակից արձակված 10 պարկուճ, 4 գնդակ եւ 3 գնդակի բեկոր։ Հայտնաբերվել է նաեւ Nissan մակնիշի 34 ՏN 738 համարանիշի ավտոմեքենան, որի վրա կա կրակոցի հետք, ասֆալտի մի քանի հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաեւ հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն մոտավոր մասնակիցների ցանկը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է հիվանդանոց տեղափոխվածին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր