00:00:00

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հանձնարարել է ուժեղացնել սինագոգերի անվտանգությունը

20:14, 28 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները երկրի պրեֆեկտներին հանձնարարել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները սինագոգերում։ Սա արվում է ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքի սինագոգում կրակահերթից հետո, որի հետեւանքով 11 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է RT-ն` վկայակոչելով նախարարի թվիթերյան էջում կատարված գրառումը։ «Ես հրահանգ եմ տվել պրեֆեկտներին կիրակի օրվանից սկսած ուժեղացնել զգոնությունը սինագոգերի տեղակայման շրջաններում, այդ թվում՝ այս օրը նախատեսված միջոցառումների պաշտպանության ժամանակ»,-գրել է նախարարն իր թվիթերյան էջում։ ԱՄՆ-ում սինագոգի վրա հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան, երբ այնտեղ անցորդներ են հավաքվել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդը մտել է շենք եւ հակասեմիթական կարգախոսներ բացականչելով՝ սկսել է կրակել։ Երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, կրակահերթ է սկսվել, որի հետեւանքով 11 մարդ է զոհվել, 6 հոգի էլ, այդ թվում՝ 4 ոստիկան վիրավորվել են։ Հարձակվողը հանձնվել է իրավապահ մարմիններին, պարզվել է նրա ինքնությունը՝ 48-ամյա Ռոբ Բաուեր, որին հոսպիտալացրել են։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Բաուերի էջերը առցանց տիրույթում մատնանշում են, որ վերջինս նացիստների ու Ադոլֆ Հիտլերի հետեւորդ է։ Բացի այդ, նշվում է, որ կասկածյալը ատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ կարծում է, որ նախագահը հրեաների վերահսկողության տակ է գտնվում։ Ինքը՝ նախագահ Թրամփը, դեպքից հետո հայտարարել է, որ պետք է խստացնել մահապատժի մասին օրենքները եւ ողբերգության հետ կապված խոստացել է այց կատարել քաղաք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր